Բարեփոխականների նախագահի միասնական թեկնածուն Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին է
Բարեփոխականների նախագահի միասնական թեկնածուն Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին է:
Այդ մասին իրանական «շոմալնյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է «Բարեփոխականների ճակատ» կառուցի փոխնախագահ Հաղշենասը:
Բարեփոխական քաղաքական գործիչը, անդրադառնալով Իրանի առաջիկա նախագահական ընտրություններին բարեփոխականների մասնակցությանը, նշել է. «Բարեփոխականների համար նախագահի միասնական թեկնածուն նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին է: Մենք այդ որոշումը կայացրել ենք և այժմ սպասում ենք նրա պատասխանին»:
«Բարեփոխականների ճակատ» կառուցի փոխնախագահ Հաղշենասը նաև տեղեկացրել է, որ բարեփոխականները առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով նամակ են գրել հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին:
Հավելենք, որ արդեն Իրանի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել ԻԻՀ տեղեկատվության նախկին նախարար Ալի Ֆալահիանը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, «Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բաղեր Խարազին և «Իմամի ուղու հետևորդների ճակատ» պահպանողական խմբավորման անդամ, Իրանի նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին:
Պահպանողականների մեկ այլ թևը ներկայացնող «Պահպանողականների եռակողմ կոալիցիան» առաջիկայում պետք է որոշում կայացնի, թե ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելից, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիից և Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆից ով պետք է որպես միասնական թեկնածու մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան