Վազգենն էր, որ դեմ էր ՀԱԲ-ի տղաներին գնդակահարելու առաջարկին. սպարապետի ընկերոջ հուշերից
«Վազգեն Սարգսյանը, ով ազատամարտին մասնակցեց որպես կամավորական, նույնիսկ սովետական բանակում չէր ծառայել: Բայց նա ստանձնեց պարտականություն, նա շատ արագ կարողացավ բարձրացնել ռազմական ոլորտում իր մակարդակը: Ղարաբաղ կոմիտեի կողմից գնահատված իր կազմակերպչական կարողությունների շնորհիվ` նա ստանձնեց ողջ մարտական գործողությունների ղեկավարությունը: Ստեղծված մարտական ջոկատները սկսեցին կամաց-կամաց ենթարկվել Վազգեն Սարգսյանին»,- այսօր` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմելով սպարապետի անցած ուղու և նրա հետ առաջին ծանոթության մասին` նշեց Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր Գևորգ Բաղդասարյանը:
Նա պատմեց սպարապետի գործունեության առաջին տարիների մասին, մասնավորապես «Հայոց ազգային բանակ» կազմավորման և Ղարաբաղ կոմիտեի միջև առաջացած բախումների շրջանում, երբ ՀԱԲ-ը չէր ենթարկվում Ղարաբաղ կոմիտեին:
«Վազգեն Սարգսյանը Գերագույն խորհրդի պատգամավոր էր և ղեկավարում էր պաշտպանության ու ներքին գործերի հանձնաժողովը: Այդ ժամանակ երևաց Վազգենի շատ լուրջ, հայեցի մոտեցումը: Երբ առաջարկում էին ՀԱԲ-ին գնդակահարել, ոչնչացնել այդ կառույցը, Վազգենը դեմ էր, նա կողմ էր բանակցությունների միջոցով խնդիրը հարթելուն, որպեսզի նոր արյունահեղություն չլիներ: ՀԱԲ-ի տղաները զենքը վայր դրեցին, իսկ ՀԱԲ-ը լուծարվեց: Դրանից հետո Վազգենը ստանձնեց պետության մեջ ռազմական գործչի պաշտոնը: Նա ղեկավարում էր կամավորականներին և միաժամանակ դարձավ պաշտպանության նախարար»,- ասաց Գ. Բաղդասարյանը:
Վերջինս խոսեց նաև Վազգեն Սարգսյանի անձնական որակների մասին և ընդծեց, որ նա շատ էր գնահատում ազատամարտի իր ընկերներին. «Տղաներին ճանապարհելուց ասում էր, որ երբևէ մտքներովդ չանցնի զոհվել, պետք է ամեն ինչ անել՝ ողջ մնալու համար, բայց քաջությամբ, ամեն ինչը` քաջությամբ»,- վերհիշեց Վազգեն Սարգսյանի մարտական ընկերը:
Նա նաև պատմեց Վազգեն Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո մի ուշագրավ պատմություն. «Մենք բողոքում էինք, թե պաշտպանության նախարարության ծառայավճարը ժամանակին չի վճարվում: Վազգենն ասել էր՝ բա ի՞նչ եք ուզում: Երբ պաշտպանության նախարար էի, առաջինը ձեր վճարներն էի բերում, հիմա ամբողջ ժողովրդին պիտի տիրություն անեմ: Ես զարմացա, երբ տուն վերադառնալով իմացա, որ մայրս ստացել է իր 8 ամիս չվճարված թոշակը, կինս՝ իր 6 ամսվա չվճարված ծառայավճարը: Այդպիսին էր Վազգենը: Հասարակական գործիչ էր, մարզիկ էր, քաղաքական գործիչ էր, նա դարձավ պետական ու ռազմական գործիչ, և բոլոր հնարավորությունները կային, որ Վազգեն Սարգսյանը դառնար նաև Հայաստանի ազգային գործիչ: Ցավոք, ընդհատվեց նրա թռիչքը»,- եզրափակեց Գևորգ Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին