Մահմուդ Ահմադինեժադն իր քաղաքական նպատակներին հասնելու համար հնարավոր է, որ հրաժարական տա
Ինչպես հայտնի է Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին: Համաձայն այդ երկրի սահմանադրության՝ գործող նախագահն այլևս առաջադրվելու իրավունք չունի: Մահմուդ Ահմադինեժադը 2009թ. նախագահի պաշտոնում վերընտրվելուց անմիջապես հետո սկսեց զբաղվել իր իրավահաջորդի խնդրի լուծմամբ: Այդ նպատակով նախագահի առաջին տեղակալ նշանակեց իր խնամուն՝ Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին: Սակայն Իսրայելի նկատմամբ վերջինիս հայտնած մեղմ դիրքորոշման պատճառով նշանակումից կարճ ժամանակ անց հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ցուցումով Մ.Ահմադինեժադը ստիպված եղավ Մաշայիին ազատել նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ նշանակելով աշխատակազմի ղեկավար: ԻԻՀ նախագահի 2012թ. դեկտեմբերի 6-ի հրամանագրով Մաշային ազատվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ նշանակվելով Չմիավորման շարժման կազմակերպության քարտուղարության ղեկավար:
Պահպանողական ուժերը նախագահին սատարող քաղաքական ուժերին, մասնավորապես՝ Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին անվանում են «իսլամական հեղափոխության ճանապարհից շեղվածներ» (ջարայան-է էնհերաֆի), այդ պատճառով է, որ պահպանողական ուժերը պնդում են, թե Սահմանադրության պահապանների խորհրդը չպետք է արտոնի Մաշայիի առաջադրումը որպես նախագահի թեկնածու:
Իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ իրանցի քաղաքական գործիչ Ղասեմ Ռավանբախշը, անդրադառնալով ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խորհրդական Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Եթե Սահմանադրության պահապանների խորհուրդը չարտոնի Մաշայիի առաջադրումը, ապա որպես հակաքայլ, հնարավոր է, որ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ անի ՆԳ նախարարին և ինքը ևս հրաժարական տա՝ այդ կերպ խափանելով ընտրությունների կազմակերպումը»:
Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան, պաշտոնանկ արվելու կամ հրաժարականի դեպքում նախագահի առաջին տեղակալը հոգևոր առաջնորդի համաձայնությամբ իր վրա է վերցնում նախագահի պարտականությունները, իսկ Մեջլիսի նախագահի, դատական իշխանության ղեկավարի և փոխնախագահի մասնակցությամբ կազմված խորհուրդը 50 օրվա ընթացքում կազմակերպում է նախագահի նոր ընտրություններ:
Թեև իրանական մամուլում ներկայում ակտիվորեն քննարկվում է Մաշայիի՝ նախագահական ընտրությունների առաջադրման հարցը, սակայն՝ ինքը դեռևս հստակ պատասխան չի տվել, առաջադրվելու է, թե ոչ: Սակայն, ինչպես գրում է
«Ասիրիան.քոմ» կայքը, Մաշային իրեն արդեն զգում է նախագահի պաշտոնում: Օրերս՝ Էսֆանդիար Ռահիմ Մաշային Շվեդիայի փոխարտգործնախարարի հետ հանդիպել է հատուկ նախագահի համար նախատեսված հյուրասենյակում, որից մինչ այժմ, բացի նախագահից, ոչ ոք պաշտոնական հանդիպումների ժամանակ չի օգտվել:
Նկատենք, որ առայժմ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել ԻԻՀ տեղեկատվության նախկին նախարար Ալի Ֆալահիանը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, «Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բաղեր Խարազին և «Իմամի ուղու հետևորդների ճակատ» պահպանողական խմբավորման անդամ, Իրանի նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին:
Պահպանողականների մեկ այլ թևը ներկայացնող «Պահպանողականների եռակողմ կոալիցիան» առաջիկայում պետք է որոշում կայացնի, թե ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելից, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիից և Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆից ով պետք է որպես միասնական թեկնածու մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:
Ինչ վերաբերում է բարեփոխական ուժերին, ապա նրանց համար նախագահի միասնական թեկնածուն նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին է: Սակայն վերջինս մասնակցության հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Մեր կարծիքով բարեփոխականների չմասնակցելու դեպքում նախագահական ընտրություններում հաջողության հասնելու՝ Մաշայիի շանսերն ավելի կմեծանան:
Քանի որ ներկայում պաշտոնապես առաջադրվելու ցանկություն հայտնած թեկնածուներից ոչ ոք հաղթելու ռեալ շանսեր չունի, կարծում ենք, որ Իրանում նախընտրական պատկերն ավելի կհստականա այն ժամանակ, երբ առաջադրվելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն պահպանողականները, որոնք մեծամասնություն են կազմում Մեջլիսում և վայելում են հոգևոր առաջնորդի աջակցությունը:
Իրանագետ՝ Արմեն Իսրայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան