Լ.Զուրաբյան. ՀԱԿ-ն այսօր ամենահզոր քաղաքական ուժն է
ՀԱԿ-ը դեռևս լռում է Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության իրենց ցուցակի մանրամասների մասին: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրապարակել այն, քանի դեռ վերջնական հաստատված չէ: Այն հարցին, թե հաշված օրեր են մնացել մինչ վերջնաժամկետը, Լ.Զուրաբյանն արձագանքեց.
«Հենց հաստատվի` կհրապարակենք»:
Նա վստահություն հայտնեց, որ հասարակությունը կոնկրետ ՀԱԿ-ից ավելին է սպասում. «Ժողովրդի համբերության բաժակը լցված է և բոլորը հասկանում են, որ լուրջ գործընթացներ են պետք այս բռնապետությունից ազատվելու համար: Եվ շատ լուրջ քայլ կլինի, եթե այս բռնապետությունից խլենք քաղաքապետարանը»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը, սակայն հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ, նշելով, թե նպատակահարմար չի գտնում այժմ խոսել այդ մասին:
ՀԱԿ-ը վստահ է` Երևանի ավագանու ընտրություններում իրենք անցողիկ շեմը կհաղթահարեն. «Կոնգրեսը այսօր ամենահզոր քաղաքական ուժն է, եթե խոսքը զուտ գաղափարական և մարդկային ռեսուրսների մասին: Ես վստահ եմ, որ ցանկացած օրինական ընտրություններում ՀԱԿ-ը կտաներ հաղթանակ` լիներ դա նախագահական, խորհրդարանական, թե Երևանի ավագանու ընտրություններ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմության միավորմանը, ապա Լ.Զուրաբյանը դա շատ կարևոր է համարում, այդ իսկ պատճառով կոնգրեսը առաջարկել է միավորման հնարավորությունները: Անդրադառնալով այն հարցին, թե ԲՀԿ-ն հայտարարել է, որ միայն ԲՀԿ-ի առանցքի շուրջ է տեսնում հնարավոր միավորումը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, Լ.Զուրաբյանը նշեց, որ իրենց առաջարկածը չի ենթադրում ինչ-որ կուսակցության առանցք և այդ իսկ պատճառով որևէ խնդիր չի կարող առաջանալ.
«Եթե խոսքը միասնական ցուցակի մասին լիներ, ապա այդտեղ ինչ-որ ուժ կարող էր ասել, թե ավելի շատ տեղ պետք է ունենա և այլն, բայց եթե խոսքը հավասար համագործակցության մասին է` ընտրատեղամասերում միասին վերահսկել ընտրության գործընթացը, միմյանց հասցեին քննադատություն չհնչեցնել ու հակաքարոզչություն չանել, ապա այստեղ առանցքի մասին խոսք լինել չի կարող»,- պարզաբանեց իրենց առաջարկը Լ.Զուրաբյանը` մատնանշելով, որ այն ուղղված է երեք քաղաքական ուժերի` «Բարգավաճ Հայաստանին», «Ժառանգությանը» և ՀՅԴ-ին:
Ինչ վերաբերում է ավագանիում տեղերի բաշխվածությանը, ապա այս հարցում ՀԱԿ խմբակցության ղեկավարը շեշտեց` իրենք պայքարելու են մինչև վերջ հաղթանակի համար: Բայց նաև պատրաստ են հանուն համախմբման գնալ զիջումների.
«Մեր կողմից դա կլինի»,- նշեց նա: