Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Ադրբեջանը պետք է վերանայի իր վարած հակաիսլամական քաղաքականությունը
Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությունը հակասում է ժողովրդավարության և խոսքի ազատության մասին հնչեցրած Բաքվի կոչերին:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Արևելյան Ատրպատականում (Արևելյան Ազարբայջան) ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը, անդրադառնալով Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Ադրբեջանում արգելվում է հեջաբ կրել, իսրալամական գործիչներին ճնշումների են ենթարկում, ձերբակալում, նրանցից ոմանք նույնիսկ զոհվում են: Ակնկալում ենք, որ Բաքվի իշխանությունները կվերանայեն իրենց վարած հակաիսլամական քաղաքականությունը, հակառակ պարագայում այդպիսի գործելաոճի շարունակության դեպքում իրենք վնաս կկրեն»:
Նշենք, որ իրանցի բարձրաստիճան հոգևորականները հաճախ են անդրադառնում Ադրբեջանում մզկիթների քանդման փաստերին և կրոնական գործիչների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին: Վերջերս իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլլա Մաքարեմ Շիրազին Ադրբեջանում շիական մզկիթների քանդման վերաբերյալ արձակած ֆեթվաներից մեկում, դիմելով Ադրբեջանի ղեկավարությանը, գրել էր. «Այժմ հստակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանում շարունակվի մզկիթների քանդման գործընթացը, պայքարի հրաման կարձակենք և այդ պարագայում Ադրբեջանի Հանրապետությունում իրավիճակն անկայուն կդառնա»:
Իրանական կայքերի հաղորդմամբ՝ Ադրբեջանում բազմաթիվ կրոնական գործիչներ մեղադրվել են Իրանի հետ համագործակցության մեջ և ներկայում իրենց պատիժը կրում են բանտերում:
Նախորդող հրապարակում՝
Իրանական կայք. Ադրբեջանցի ոստիկանները Լենքորանի հավատացյալներից մեկին 4-րդ հարկից նետել են ներքև