Մարտիրոսյանը` իրենց պաստառի քննադատության մասին. Ուղղակի որոշները նախանձում են
«Բարև Երևան» դաշինքի քարոզչական պաստառը բավականին լայն քննարկումների առարկա դարձավ սոցցանցերում: Պաստառում պատկերված են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու կուսակցության փոխնախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը` ձեռքերը միմյանց ափերի մեջ առած: Շատերը նկարը համեմատեցին նորապսակների լուսանկարների հետ, «Ֆեյսբուք»-ում ակտիվորեն տարածվեցին դեմոտիվատորներ:
Ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը տեղյակ չէ այդ քննարկումներից, բայց նրան դուր է գալիս պաստառը: Այդ աշխատանքը որևէ ընկերության չեն վստահել, պատրաստել է կուսակցության ակտիվիստներից մեկը. «Ինքը շատ լավ ձեռք ունի, որևէ խնդիր չկա: Ճաշակի խնդիր է»:
Ինչ վերաբերում է համեմատություններին, ապա Մարտիրոսյանը հետևյալ կարծիքն ունի. «Ամեն մարդ իր շնորհքի ու պատկերացումների շրջանակում գնահատական է տալիս, ոչ պատրաստվում եմ բանավիճել, ոչ մրցակցել: Ամեն մեկը թող իր շնորհքը ցույց տա, բացահայտի իր էությունը»:
Հարցին, թե Մարտիրոսյանին դուր է գալիս պաստառը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե տղամարդկային, իրար ուժ տվող ողջույնը մարդիկ խառնում են նորապսակների հետ, երևի իրենց ողջ կյանքի պատկերացումը հենց դա է եղել, հիմա ես ընկնեմ, սկսեմ հոգեվերլուծությամբ զբաղվել, կարծում եմ, հաստատ դրա ժամանակը չէ»:
Մարտիրոսյանն ասաց, որ քարոզչական այլ պաստառներ չեն լինելու:
«Ուղղակի որոշները նախանձում են, որ կուսակցության այսպիսի առաջնորդ չունեն, որի հետ կարելի է հանգիստ նկարվել և առաջնորդն այդ դեպքում իրենից ձայներ չի փախցնի»,-ասաց «Բարև Երևան» ցուցակը գլխավորող Մարտիրոսյանը: