Ն.Զոհրաբյան. Ցավոք սրտի շատ է կարծրացել «մեր դեմ խաղ չկա» մտածելակերպը
«Քաղաքական ուժը, որ իշխում է երկիրը 15 տարի, անընդհատ փորձում է այս ընտրությունները տեղափոխել նստարանների, գազոնների խնդիրների մակարդակ: Այդ կուսակցության փոխնախագահներից մեկն անգամ զարմացած բարձրաձայնում է` ես չեմ հասկանում, աղբ թափելու համար ինչու են այսպիսի լրջագույն ընտրապայքարի մեջ մտնում.... Դա էլ է ազնիվ խոստովանություն` իրենց համար քաղաքապետը աղբ թափող է և իրենք այնքան են իջեցնում այս նշաձողը և ասում են, որ քաղաքապետը իրենց քաղաքական ուժի հերթական դետալն է, հերթական «վինտիկն է» և կանի այնպես, ինչպես մենք ենք ասում»,- Քանաքեռում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:
«Մի քանի օր առաջ հորդառատ անձրև էր, բայց դա չխանգարեց, որ մայրաքաղաքի փողոցներից մեկում փռեն ասֆալտ, որովհետև իշխող կուսակցության թեկնածուն պետք է գնար հանդիպման: Այդ ասֆալտի վրա ծախսվել է հսկայական գումար, որը դիմանալու է երևի առավելագույնը մի քանի ժամ»,- նշեց Ն.Զոհրաբյանը ու ավելացրեց, որ հենց դրա համար է «Բարգավաճ Հայաստանն» ասում, որ եթե քաղաքային իշխանությունը լինի այլ քաղաքական ուժից և կարողանա հստակ կանգնել ու տվյալ ուժին ասել, որ քաղաքապետը դա Երևանի վարչապետն է և նա կարող է լրջագույն հակակշիռներ ստեղծել Երևանում իրական գործեր անելու համար, այն ժամանակ հնարավոր կլինի տեսնել միայն իրական զարգացում.
ԲՀԿ-ն, շարունակեց Նաիրա Զոհրաբյանը, հենց այս պատճառով է հորդորում երևանցուն վստահել իրենց, քանի որ կուսակցությունը հուսահատ չի անելու երևանցուն ու միասին են լուծելու ցանկացած հարց, որ վերաբերում է Երևանին ու Հայաստանին:
«Ասում են` 7 տոկոս տնտեսական աճ կա, ինչպես չվստահենք այս կառավարությանը: Սիրելի ժողովուրդ, 7 տոկոս տնտեսական աճ նշանակում է, որ յուրաքանչյուր ընտանիք գոնե կես տոկոս բարեկեցություն պետք է ունենա իր ընտանիքում, էլ չեմ ասում` 7 տոկոս: Բայց կա այստեղ մեկը, որ կասի, թե իր վիճակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է. ոչ: Եվ չեմ էլ ուզում հարցնել, որովհետև միանշանակ վատացել է, բայց 7 տոկոս փուչիկը անընդհատ թմբկահարում են»,- հայտարարեց պատգամավորը, իսկ հավաքվածները համաձայնեցին նրա հետ:
«Ասում ենք` մենք ձեզ հետ անկեղծ ենք և ասում ենք` ձեր ձայնը մենք պահելու ենք: Վստահեք մեզ և միասին մենք ունենալու ենք նոր Երևան ու նոր Հայաստան»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ քարոզչության պատասխանատուն ասաց նաև, որ մրցակից ուժը անընդհատ այնպիսի հայտարարություններով է հանդես գալիս, թե երկրի տերերն իրենք են ու ինչ կուզեն, այն էլ կանեն.
«Ահա սրա դեմ է, որ մենք պիտի պայքարենք, միասին պետք է կոտրենք քաղաքական այդ մտածելակերպը: Բայց եթե դուք մեր թիկունքում չկանգնեք ու չլինեք մեր իրական գործընկերները, առանց ձեզ ոչինչ անել չենք կարող, որովհետև ցավոք սրտի շատ է կարծրացել «մեր դեմ խաղ չկա» մտածելակերպը»,- կարծիք հայտնեց նա: Նաև նկատեց, որ ամեն անգամ լինելով Երևանի բակերում՝ հանդիպում է կիսատ ընտանիքներ, որոնց ամուսինները օտար հողի վրա են, որպեսզի ընտանիքը օրվա հացի փող ունենա, ինչը իրական ողբերգություն է :
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան