Րաֆֆի Հովհաննիսյան. Բոլորս` ինձանից սկսած, գտնվում ենք պարտության մեջ (Լուսանկարներ, տեսանյութ)
Քիչ առաջ Ազատության հրապարակ ժամանեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Մինչ բարձրախոսներին հասնելը նա բարևեց, համբուրեց, ողջագուրվեց ու զրույցի բռնվեց քաղաքացիներից շատերի հետ, նա հատկապես պինդ գրկում էր հրապարակ եկած կանանց:
Խոսքի սկզբում նա շնորհավորեց «ազգային, պետական» տոնը, որը պատկանում է Հայաստանին ու բոլոր սերունդներին, հիշեցրեց, որ 68 տարի առաջ նաև հարյուր հազարավոր հայ զինվորների շնորհիվ աշխարհը փրկվեց ֆաշիզմից:
Նա փառք տվեց Շուշին ազատագրած ազատամարտիկներին, հրամանատարներին, նաև այն լրագրողներին, ովքեր փնտրել ու գտել են վետերաներին, այցելել են նրանց տներ ու ռեպորտաժներ պատրաստել նրանց մասին:
Ապա Հովհաննիսյանը կոչ արեց իրեն չհամեմատել ոչ մեկի հետ, ոչ նախագահների, ոչ ազատամարտիկների հետ, ասաց ինքը սովորական մարդ է, մաղթում է, որ փետրվարի 18-ին գրանցած իր հաղթանակը ժողովուրդը շարունակի:
«Ժողովուրդն իր գործը արեց, բոլոր անհավատների, ռազմավարական մտածողների, մեծ-մեծ խոսացողների դիմաց իր գործն արեց, և իրավունք ունի իր ընտրյալից կամ ընտրյալներից ակնկալելու այն գործողությունները, որը կբերի ոչ մեկ հոգու, այլ ժողովրդի հաղթանակի»,-ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն ասաց, որ ինքն իրավունք ունի ակնկալել, որ ժողովրդը չի սահմանափակվի քվեարկելով ու պայքարին չի հետևի համացանցի միջոցով:
«Եկել է պահը, որ ես ասեմ, պետք է մի բան փոխվի, պետք է տեղի ունենա սերնդափոխություն և իշխանության, և ընդդիմության, և ժողովրդի մեջ: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթեց միանաշանակ, պարտվեցի ես, ինձանից ավելի պարտվել է Սերժ Սարգսյանը: Մայիսի 5-ին պարտվեցինք բոլորս, բոլորս` ինձանից սկսած, գտնվում ենք պարտության մեջ, և դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, և մնացած բոլորիս»,-ասաց նա:
Նա կրկնեց, որ մի բան պետք է փոխվի, դառնա իրավական պետություն. «Երկիրը պետք է դուրս բերվի այս իրավիճակից…Զադնի չկա, հետքայլ չկա»:
Նա նշեց, որ եթե չեն հասկացել իր առաջարկը, միգուցե մեղքն իրեն է, «առաջարկը նրա համար է, որ ամենքը դուրս գան տեսախցիկից, կուսակցականությունից, նախագահությունից, հասկանալու, որ նժարի վրա դրված է պետականությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան