ԻԻՀ նախագահի թեկնածու. Իրանի սահմանները ձգվում են Չինաստանից մինչև Աֆրիկա
«Հուսով ենք, որ Իրանի ներկայիս սահմանները կհասցնենք իսլամական մեծ Փարսի սահմաններին»:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահի թեկնածու, «Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցիչ Սեյյեդ Մոհամմադ Բաղեր Խարազին:
Բաղեր Խարազին, այսօր որպես նախագահի թեկնածու գրանցվելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իր ծրագրերին, մասնավորապես նշել է. «Եկել ենք, որպեսզի մեր հայրենիք Իրանը վերափոխենք մեծ հայրենիքի: Իրանի սահմանները ձգվում են Չինաստանից մինչև Աֆրիկա, և դա էլ հենց հարավային մեծ Փարսն է: Հուսով ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայիս սահմանները կհասցնենք իսլամական մեծ Փարսի սահմաններին»:
Հիշեցնենք, որ այդ գործիչը վերջերս իր հարցազրույցներից մեկի ընթացքում հայտարարել էր, որ եթե ընտրվի Իրանի նախագահ, ապա Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը առանց մի կաթիլ արյուն թափելու կմիացնի Իրանին:
Սեյյեդ Մոհամմադ Բաղեր Խարազիի հայրը՝ այաթոլլահ Սեյյեդ Մոհսեն Խարազին, ԻԻՀ բանիմացների խորհրդի անդամ է, հորեղբայրը՝ Քամալ Խարազին, Մոհամմադ Խաթամիի օրոք եղել է ԻԻՀ ԱԳ նախարարը, իսկ քույրը ամուսնացած է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդու՝ Մասուդ Խամենեիի հետ: Խարազիի նախընտրական կարգախոսը «իսլամական փարս»-ն է:
ԻԻՀ սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումից հետո Սահմանադրության պահապանների խորհուրդը մայիսի 12-ից 16-ը պետք է որոշում կայացնի, թե առաջադրված թեկնածուներից ով կարող է մասնակցել հետագա ընտրապայքարին: Ամսի 17-ից 21-ը Պահապանների խորհուրդը կքննի ստացված բողոքները, իսկ մայիսի 22-ից 23-ը ՆԳ նախարարությունը կհայտարարի վավերացված թեկնածուների ցանկը: Թեկնածուներն իրենց քարոզարշավը կանցկացնեն մայիսի 24-ից հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանում նախագահի առաջին կին թեկնածուն է առաջադրվել
Իրանի նախագահի թեկնածու. Իմ ընտրվելու դեպքում թուրքական իմաստ ունեցող «թումանը» կփոխարինվի «փարսի»-ով
Իրանի նախագահի թեկնածուն սպառնում է ընտրվելու դեպքում Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը միացնել Իրանին