ԿԸՀ-ն քիչ անց արտահերթ նիստ կգումարի. Կքննարկվի ընտրությունն անվավեր ճանաչելու դիմումը
Այսօր «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը հրավիրվել էր ԿԸՀ՝ ժամը 18:00-ին գումարվող նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի նախատեսվում էր «Բարև Երևան» դաշինքի երեկ ներկայացրած 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննարկում: Այս մասին հայտնում են «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայությունից:
Լուսինե Պետրոսյանը գրավոր խնդրել է դիմումի քննարկումը կազմակերպել վաղը, 15:00-ից հետո, քանի որ շուրջ 1500 էջ նյութ է համակարգվում և ֆիզիկապես այդ աշխատանքը ավելի վաղ ավարտել հնարավոր չէ: Համակարգված խախտումները ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի վաղը մինչև օրվա երկրորդ կեսը կներկայացվի ԿԸՀ և կտարածվի լրատվամիջոցներին, որից հետո ԿԸՀ նիստին ներկայացվեն խախտումների վերաբերյալ փաստական աղբյուրները:
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքից Երևանի ավագանու թեկնածու Դանիել Իոաննիսյանի դիմումը 2013թ. մայիսի 5-ի ընտրությունը անվավեր ճանաչելու մասին կքննարկվի այսօր, 18:00-ին գումարվող նիստում: Իոաննիսյանը ԿԸՀ կներկայացնի ապացույցներ, ԶԼՄ-ների` ընտրախախտումների մասին վկայող թվով մի քանի հարյուր հրապարակում և շուրջ հարյուր տեսանյութ»,-ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
1. Հիշեցնենք, որ ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդմամաբ, նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկն էլ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեկանքի քննարկումն է: