Վաղը պարզ կլինի` ովքեր կստանան ավագանու անդամի մանդատներ
Այս պահի դրությամբ ԿԸՀ-ն ստացել է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամսնական ցուցակի 113 թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ` վավերացված նոտարական կարգով:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նրա խոսքով, հանձնաժողովը ինքնաբարկի դիմումներ ստացել է նաև ՀՀԿ-ից` 21: «Բարև Երևան» դաշինքից առայժմ ինքնաբացարկի մասին դիմումներ չկան:
Առայժմ հանձնաժողովում ուսումնասիրում են ինքնաբացարկի դիմումները:
Վաղն արդեն ԿԸՀ-ն, հիմք ընդունելով ինքնաբացարկի մասին դիմումները, կկազմի արձանագրություն, թե ցուցակներից ովքեր են ստանում Երևանի ավագանու անդամի մանդատներ:
Համաձայն ԿԸՀ որոշման` Երևանի ավագանու անդամներ են ընտրվել.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ,
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ: