ՀՀՇ-ն վերագրանցվելու է և մնալու է ընդդիմություն.«Մոտ երկու հարյուր հոգի այս պահին նախաձեռնող խմբում կա» (Տեսանյութ)
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը և նախկին պատգամավոր Կարապետ Ռուբինյանն ու Հովհաննես Իգիթյանը քիչ առաջ ասուլիսի ձևաչափով պաշտոնապես հայտարարեցին Հայոց Համազգային Շարժում կուսակցության վերագրանցման մտադրության մասին: Ինչպես նշեց Արարատ Զուրաբյանը, հայտարարությանը միանալու մտադրության պատրաստակամության մասին արդեն հայտնել են բազմաթիվ քաղաքացիներ:
«Մոտ երկու հարյուր հոգի այս պահին նախաձեռնող խմբում կա, իսկ մենք հանդես ենք գալիս որպես ներկայացուցիչ», - հավելեց Ալ.Արզումանյանը:
Նախկին արտգործնախարարը նաև նշեց, որ այս պահի դրությամբ չկա որևէ խոչընդոտ վերադառնալ ՀՀՇ՝ այն վերաբացման միջոցով և մայիսի սկզբներին արդեն իսկ դիմում է գրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից դուրս գալու մասին:
«Մենք լավ հարաբերությունների մեջ ենք և կշարունակենք համագործակցությունն այդ կուսայցության հետ», - ասաց նա:
«Հանդիասնալով Հայոց Համազգային Շարժման ակտիվ մասնակիցներ շարժման առաջին օրերից, «լինելով ՀՀՇ կուսակցության հիմնադիր անդամներ, հավատարիմ մնալով ժողովրդավարության ու ազատականության արժեքներին, մեր անհամաձայնությունն ենք արտահայտել ՀՀՇ-ն քաղաքական ասպարեզից վտարելու, արհեստածին միավորումով այն քողարկելու և ստվերելու փորձին` դա համարելով հրաժարում որդեգրած գաղափարախոսությունից ու սկզբունքներից և ոտնձգություն մերօրյա պատմության դեմ», - կուսակցության վերաբացման նպատակները ներկայացրեց Արարատ Զուրաբյանը:
Նա նաև նշեց, որ լինելու է ազատ ֆինանսավորում, իսկ միջոցները պետք է հավասարապես բաշխվեն կուսակցության բոլոր անդամների միջև:
Կարապետ Ռուբինյանն էլ ներկայացրեց հետագա քայլերը: Նրա խոսքով՝ այսօրվա օրակարգում մինչև աշուն համագումարի անցկացումն է, իրավաբանական կարգավիճակի թարմացումը, ինչպես նաև հասարակության հետ կապերի վերականգնումը:
Արարատ Զուրաբյանն էլ նշեց, որ կուսակցությունը կշարունակի լինել ընդդիմադիր դաշտում և պայքարել «սահմանադրական կարգի վերականգնման համար»: «Մենք երբեք մեր քաղաքական գաղափարներից չենք հրաժարվել», - ասաց նա:
Հավելելով գործընկերոջը՝ Ալեքսանդր Արզումանյանը նծեց, որ պատրաստ են համագործակցել ցանկացած խնդիրների շուրջ, բայց ոչ ի հաշիվ իրենց գաղափարախոսության:
«Առաջին հերթին համագործակցելու ենք գաղափարակից՝ազատական ուղվածության քաղաքական ուժերի հետ», - ասաց նա: Իսկ Հովհաննես Իգիթյանը լրացրեց. «Լինելու է համագործակցություն, ոչ թե գործարք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները