ԱՄՆ-ն կասկածում է Չինաստանին` տիեզերքի ռազմականացման մեջ
ԱՄՆ-ն համոզմունք ունի, որ Չինաստանի կողմից տիեզերքում փորձարկված նոր հրթիռը նախատեսված է ոչնչացնել հավանական թշնամու արբանյակները մերձերկրային ուղեծիրում: Այդպիսով մեծանում են կասկածները, որ Չինաստանը չի պատրասվում հրաժարվել տիեզերքի ռազմականացումից: Այս մասին հղում անելով Պենտագոնի անունուն աղբյուրին, հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Պաշտոնապես ամերիկյան ռազմական գերատեսչությունը այդ տեղեկությունը չի մեկնաբանում՝ նշելով սոսկ, որ Պեկինը ավելի ագրեսիվ է գործում տիեզերական տարածությունում:
Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները հաղորդել են, որ Սիչան տիեզերակայանից հետազոտական զոնդ է դուրս թողնվել տիեզերք՝ նպատակ ունենալով ուսումնասիրել մերձերկրային ուղեծիրում մագնիսական դաշտերը: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը հայտարարել է, որ Չինաստանը կողմ է տիեզերքի խաղաղ օգտագործմանը և հետևողականորեն հանդես է գալիս նրա ռազմականացման դեմ:
Միաժամանակ աղբյուրը տեղեկացնում է, որ այլ տվյալների համաձայն՝ չինացիները տիեզերք են բաց թողել ոչ թե հետազոտական զոնդ, այլ փորձարկել են «Dong Ning-2 ASAT» հրթիռը, որն ունակ է ոչնչացնել հավանական թշնամու արբանյակները: Ինչպես լրատվական գործակալությանը հետ զրույցում նշել է աստղաֆիզիկոս, Հարվարդի համալսարանի գիտաշխատող Ջոնաթան Մակդաուելը՝ հրթիռը բարձրացել է 10 հազար կիլոմետր, որը 1976թ.-ից սկսած ամենաբարձր կետն է ենթաուղեծիրային թռիչքների համար: Նախկինում նման բարձրության հասել են միայն ԱՄՆ հրթիռները:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս որոշակիորեն լարվել են ամերիկա-չինական հարաբերությունները՝ կապված ԱՄՆ Պենտագոնի հրապարակած ամենամյա զեկույցի հետ, որում Չինաստանը մեղադրվում է ակտիվ ռազմականացման և, մասնավորապես, արդյունաբերական լրտեսության մեջ: Չինաստանն, իր հերթին, տվյալ մեղադրանքներին պատասխանել է բավական կոշտ՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն փորձում է երկպառակություն մտցնել Չինաստանի և վերջինիս հարևանների միջև:
Նախորդող՝ Չինաստանը իր ռազմական ոլորտի արդիականացումը իրականացնում է «արդյունաբերական լրտեսման միջոցով»
Չինական ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն փորձում է երկպառակություն մտցնել Չինաստանի և իր հարևանների միջև