Իրանի նախագահական ընտրապայքարի ինտրիգն ավարտվեց. Ռաֆսանջանին և Մաշային չեն մասնակցի քարոզարշավին
Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կայացրած վճռի համաձայն՝ ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին և գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցը՝ Էսֆանդիար Ռահիմ Մաշային լիազորություն չեն ստացել մասնակցելու նախագահական ընտրապայքարին:
Ի տարբերություն Ռաֆսանջանիի և Մաշայիի՝ Սահմանադրության պահապանների խորհրդի որոշմամբ՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար (ԻՀՊԿ) Մոհսեն Ռեզային, Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին և ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի (1997-2005թթ.) առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը արժանացել են Խորհրդի հավանությանը:
Ռաֆսանջանիի և Մաշայիի մերժումը միանգամայն սպասելի էր. նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Ռաֆսանջանին մեղադրվում էր 2009թ. հետընտրական խռովություններին մասնակցություն ունենալու մեջ, իսկ պահպանողական ուժերը Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին համարում էին «իսլամական հեղափոխության ճանապարհից շեղված» (ջարայան-է էնհերաֆի): Ավելին, վերոնշյալ գործիչների պաշտոնական գրանցումից հետո, Մեջլիսի ավելի քան 100 պատգամավորներ դիմեցին Սահմանադրության պահապանների խորհրդին՝ հորդորելով չարտոնել Ռաֆսանջանիի և Մաշայիի թեկնածությունները:
Առաջիկա օրերին Պահապանների խորհրդի կողմից մերժված թեկնածուները հնարավորություն կունենան բողոքարկել խորհրդի որոշումը, ինչից հետո էլ թույլտվություն կստանան մասնակցել ընտրապայքարին: Թեև հնարավոր է, որ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջնորդությամբ Սահմանադրության պահապանների խորհուրդը վերանայի իր որոշումը, առավել ևս, որ նախագահ Ահմադինեժադը հայտարարել է, որ հոգևոր առաջնորդի միջոցով կփորձի հետամուտ լինել Մաշայիի թեկնածության մերժման հանգամանքներին:
Ինչ վերաբերում է Ռաֆսանջանիին, ապա նրա թեկնածության մերժումը նաև արտառոց էր այն իմաստով, որ վերջինս հանդիսանում է Համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի ղեկավարը, այսինքն, մի կառույցի, որը կազմավորվում է երկրի առաջնորդի հրահանգով՝ որոշելու նպատակահարմարությունն այն դեպքերում, Սահմանադրության պահապանների խորհուրդը գտնում է, որ Մեջլիսի որոշումը չի համապատասխանում երկրի սահմանադրությանը: Սակայն, այդքանով հանդերձ Ռաֆսանջանին հայտարարել է, որ ինքը չի բողոքարկելու Պահապանների խորհրդի որոշումը:
Ինչևէ, Ռաֆսանջանիի և Մաշայիի՝ խաղից դուրս գալուց հետո հիմնական ընտրապայքարը կընթանա պահպանողական չորս գործիչների՝ Ալի Աքբար Վելայաթիի, Սայիդ Ջալիլիի, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և Հադդադ Ադելի միջև: Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հնարավոր է, որ Ղալիբաֆը հօգուտ Ջալիլիի հանի իր թեկնածությունը: Եվ քանի որ, Վելայաթին հայտարարել է, որ ինքը մինչև վերջ պայքարելու է, այդ դեպքում թերևս հիմնական պայքարը ընթանա Վելայաթիի և Ջալիլիի միջև:
Արմեն Իսրայելյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները