ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան. Իրանը Սիրիայում ռազմական ներկայություն չունի
Իրանը Սիրիայում ռազմական ներկայություն չունի:
Այդ մասին իրանական «Փրեսս.թիվի» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Խազային:
Դեսպան Խազային, անդրադառնալով սիրիական ճգնաժամում ներգրավված ուժերին և այդ համատեքստում Իրանին հասցեագրված պնդումներին, մասնավորապես նշել է. «Իրանի զինված ուժերը կամ ռազմական խորհրդատուները ներկայացված չեն Սիրիայում: Ավելին, տարածաշրջանային որոշ երկրներ միջամտում են Սիրիայի ներքին գործերին՝ ահաբեկչական խմբեր և սպառազինություն ուղարկելով այնտեղ, ավելի են բորբոքում կրակը»:
Իրանցի դիվանագետը շեշտել է, որ Թեհրանը սիրիական ճնգնաժամի խաղաղ լուծմանն ուղղված ցանկացած միջոց ողջունում է:
«Փրեսս.թիվի»-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը տեղեկացրել է, որ մայիսի 29-ին Թեհրանում Սիրիայի հարցով կայանալիք «Քաղաքական լուծում, տարածաշրջանային կայունություն» խորագիրը կրող միջազգային համաժողովին կմասնակցեն նաև Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունները:
Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ թեհրանյան համաժողովը Սիրիայի խնդրի քաղաքական լուծմանն ուղղված քայլ է, որը կբերի ազգային երկխոսության և խնդրի կարգավորման:
«Իրանը ողջունում է տարածաշրջանային համագործակցությունը, այդ իսկ պատճառով Թեհրանը սույն համաժողովին մասնակցելու նպատակով տարբեր երկրների է հրավիրել, այդ թվում՝ Թուրքիային, Կատարին և Սաուդյան Արաբիային, որոնք սիրիական հարցի կարգավորման առնչությամբ այլ մոտեցումներ ունեն»,-նշել է Ամիր Աբդոլահիանը:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոս և նոյեմբեր ամիսներին Իրանի նախաձեռնությամբ երկու անգամ միջազգային համաժողով է կազմակերպվել, որոնց շրջանակներում իրանական կողմը միջազգային հանրությանն է ներկայացրել է սիրիական ճգնաժամի լուծման 6 կետանոց առաջարկությունների փաթեթը:
Նախորդող հրապարակում՝
ԻՀՊԿ հրամանատար. Իրանը Սիրիայում ռազմական ներկայություն չունի