ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. Ով ով է ալեկոծվող Սիրիայում
Հաշվի առնելով այս գործոնի կարևորությունը սիրիական ճգնաժամում` ընթերցողին առաջարկում ենք ծանոթանալ այդ երկրում ապրող հիմնական էթնո-կրոնական խմբերի` համայնքների հետ: Այստեղ հարկ ենք համարում ընդգծել, որ սիրիական հասարակության դեպքում ինքնությունը միաժամանակ երկու սկիզբ ունի` էթնիկական ու կրոնական: Նաև սրանով է պայմանավորված սիրիական խայտաբղետ մոզաիկան, որը պատերազմից առաջ ուներ ներքոշարադրյալ տեսքը:
Երկրում խոշորագույն էթնիկական խումբը արաբներն են: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է նաև երկրի պաշտոնական անվանումը` Սիրիայի Արաբական Հանրապետություն: Արաբները կազմում են Սիրիայի 22 մլն. բնակչության մոտ 90 տոկոսը` մոտ 20 մլն: Այս տվյալն արտաքուստ տպավորություն է ստեղծում, թե սիրիական հասարակության միջուկը կազմում է միատարր տիտղոսակիր ազգը, սակայն արաբական սուբէթնիկական բաժանումներն ու դավանաբանական տարբերությունները ցրում են այդ տպավորությունը: Այս երկու պարամետրերի զուգորդման արդյունքում միասնական արաբական ժողովուրդը Սիրիայում բաժանված է տարբեր համայնքների, որոնք ոչ միայն միասնական չեն, այլև` հիմնականում պայքարում են միմյանց դեմ, այդ թվում նաև` հանուն իշխանության:
Սիրիայի Արաբական Հանրապետությունն էթնոդավանական խմբերով բավականին բազմազան երկիր է, որտեղ ապրում են քրիստոնյա (ասորիներ, արամեացիներ, հույն ուղղափառներ, կաթոլիկներ, մարոնիներ) և մուսուլման (սուննի, շիա, ալավի, դրուզ, իսմայիլի) արաբներ, հայեր, (կաթոլիկ, առաքելական եկեղեցու հետնորդներ և ավետարանականներ), հրեաներ, ինչպես նաև մեծ թիվ են կազմում քրդերը:
Սուննի մուսուլմանները կազմում են երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը`74%-ը, մյուս իսլամադավան խմբավորումները (ալավիները, դրուզները, իսմայիլիները) 16%-ը, քրիստոնյաները` 10%-ը, շատ քիչ թվով հրեաներ էլ բնակվում են Դամասկոսում և Հալեպում: Այս կրոնադավանական խմբերը ապրում են կոմպակտ` հիմնականում կենտրոնացած երկրի ինչ-որ հատվածում: Այսպես, սուննիները բնակվում են երկրի գրեթե ողջ տարածքում: Սիրիացի սուննի արաբները կազմում են բնակչության մեծ մասը (14,548,000), սակայն երկրում բնակվում նաև Պաղեստինի (596,000), Հորդանանի (41,000), Իրաքի (62,000), Լիբանանի (103,000) սուննի արաբներ: Սիրիայում սուննիադավան են նաև քրդերը, ովքեր կենտրոնացած երկրի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածում` Թուրքիայի և Իրաքի հետ սահմանային շրջաններում: Քրդերը Սիրիայի ամենամեծ էթնոդավանական փոքրամասնություն են` կազմում են բնակչության 10-15%-ը (2 միլիոն): Սիրիայում նրանք երկար տարիներ ենթարկվել են խտրականությունների՝ զրկված լինելով տարրական իրավունքներից, չունենալով նունիսկ քաղաքացիություն: Սակայն քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո նախագահ Բաշար Ասադը նրանց ընդվզումները կանխելու համար Հասակա նահագի 300,000 քրդերի քաղաքացիություն շնորհեց:
Սիրիայի սուննի մուսուլմանները հիմնականում շաֆիական մազհաբի (կրոնաիրավական դպրոցի) հետևորդներն են, կան նաև հանաֆիական և հանբալիական մազհաբների ներկայացուցիչներ: Երկրում ակտիվ գործունեություն են ծավալում որոշ սուֆիական եղբայրություններ, ինչպես կադիրիյա, նակշբանդիա և այլն:
Իշխանական բուրգում կանգնած ալավիները, ովքեր կազմում են Սիրիայի բնակչության 12 %-ը, բնակվում են Միջերկարական ծովի ափամերձ տարածքներում` Լաթաքիայում, Տարտուսում և սահմանակից գյուղերում, ինչպես նաև մայրաքաղաք Դամասկոսում: Ալավիականությունը (նուսարիյա) շիա իսլամի ճյուղ է, որն առաջացել է 10-րդ դարում Հյուսիսային Սիրիայում: Ալավիները Ալի ինբ Աբի Տալիբի հետնորդներն են: Ալավիականությունը հիմնված է իսմայլիականության վրա` միախառնված քրիստոնեական և մինչիսլամական տարրերով: Այդ պատճառով ալավիականությունը ուղղափառ մուսուլմանների կողմից ընկալվում է որպես աղանդ:
Ալավիները Սիրիայում իշխանության եկան 1970 թվականի նոյեմբերի 16-ին իրականացրած հեղաշրջումից հետո: Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի իշխանությունը լեգիտիմացնելու համար 1973 թվականին շիա իմամները ֆեթվա (կրոնա-իրավական հրովարտակ) հրապարակեցին, համաձայն որի ալավիականությունը համարվում է շիա իսլամի ճյուղ (ըստ Սիրիայի սահմանադրության՝ երկրի նախագահ կարող է լինել միայն մուսուլման): Մինչ այժմ ալավիները շարունակում են կառավարել Սիրիայում:
Էթնոկոնֆեսիոնալ յուրահատուկ խումբ ներկայացնող դրուզները բնակվում են երկրի հարավային շրջանում` Ալ-Սուեյդա մարզում: Սիրիայում նրանց թիվը տատանվում է 500,000-700,000-ի սահմաններում: Ուսունքն առաջացել է 10-րդ դարում, ծայրահեղ շիականության` իսլայիլիզմի ճյուղ է: Այն բավականաին փակ համայնք է:
Քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները` հույն ուղղափառները, կաթոլիկները և մարոնիները, բնակվում են հիմնականում Դամասկոսում և Հալեպում, փոքրաթիվ համայնքներ ունեն նաև Հոմսում և Լաթաքիայում: Սիրիայի հնագույն քրիստոնեական համայքներից է նաև ասորականը: Ասորիները բնակվում են Սիրիայի հյուսիս-արևելքում` Մաալուլա գյուղում: Նրանք կազմում են երկրի բնակչության 5%-ը և միակ ներկայացուցիչներն են, որ խոսում են արևելաարամեերենով: Ասորիները լավ տիրապետում են նաև արաբերենին, ասորական տարբեր բարբառների: Մաալուլա, Բախա և Ջուբադին գյուղերում բնակվում են մուսուլման արամեացիները (արևմտյան արամեացիներ), նրանց թիվը հասնում է 21000-ի: Սիրիայում կան նաև քրիստոնյա արամեացիներ (29,000):
Հրեաները Սիրիայում բնակություն էին հաստատել դեռևս վաղ անցյալում: Նրանք հիմնականում կենտրոնացած էին Դամասկոսում, Հալեպում, Ալեքսանդրետի սանջակում, որը ներկայումս գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ, Լաթաքիայում, Հոմսում: Սակայն իրավիճակը փոխվում է 19-րդ դարի վերջին` սիոնիստական գաղափարախոսության ազդեցության պատճառով, որի գլխավոր նպատակն էր բոլոր հրեաներին վերադարձնել դեպի Սիոն լեռ: Աստիճանաբար Սիրիայում նկատվում է հրեա բնակչության թվի նվազում, որն իր գագաթնակետին է հասնում 1948 թվականին` Իսրայել պետության հռչակումից և այնուհետ սկսված արաբաիսրայելական պատերազմից հետո: Այժմ Սիրիայում հաշշվում է մոտ 100 հրեա, որոնք հիմնականում բնակվում են Դամասկոսի քրիստոնեական Բաբ Թումա թաղամասում:
Հայերը Սիրիայում հայտնվել էին դեռևս միջնադարից, թեև նրանց թիվն աճել է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից հետո: Արդյունքնում նրանք Արևմտյան Հայաստանից գաղթել են Սիրիա` հիմնականում հաստատվելով երկրի հյուսիսային շրջաններում` Դեյր Զորում, Կամշլիում, Հալեպում, Քեսաբում: Քիչ թիվ են կազմում Լաթաքիայում, Հոմսում և Դամասկոսում: Այժմ նրանց թիվը տատանվում է 50.000-80.000-ի սահմաններում:
Մերձավորարևելյան տարածաշրջանում կայուն երկրի համբավ ձեռք բերած Սիրիայում արդեն երկու տարի շարունակվում է քաղաքացիական պատերազմ, որը ՄԱԿ-ի տվյալների համաձայն խլել է 80 հազար մարդու կյանք (հարևան երկրներում ապաստանած փախստականների թիվը գերազանցում է 1.5 միլիոնը, իսկ ներքին փախստականների թիվը հասել է 4.25 միլիոնի): 2011 թվականի մարտին Սիրիայում տեղ գտած հակակառավարական ցույցերը բավականին կարճ ժամանակահատվածում վերաճեցին լայնածավալ ռազմական գործողությունների, որոնց ելքի մասին այսօր էլ կանխատեսումներ անելն անհնար է: Անորոշությունը մեծապես կախված է այն հագնամանքից, որ ամենևին էլ պարզ չէ, թե մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո ինչպիսին կլինի ուժերի հարաբերակցությունը կառավարական և ապստամբ ուժերի միջև: Դա էլ իր հերթին բացատրվում է Սիրիայի էթնո-կրոնական բազմազանությամբ. անհնար է գուշակել, թե տասնյակ համայնքներից ո՞ր մեկն ի՞նչ դիրքորոշում ու վարքագիծ կդրսևորի: Մինչդեռ դրանցից յուրաքանչյուրի որոշումը կարող է ճակատագրական դառնալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները