Ղեկավարները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության. ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ 5-րդ հայտարարությունը
Հյուսիսային Իռլանիայում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբնի համանախագահող երկրների ղեկավարներ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն հանդես են եկել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
Հայտարարությունում, որը զետեղված է Կրեմլի կայքէջում, մասնավորապես, ասված է.
«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներս կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կողմերին՝ հաստատուն և խաղաղ կարգավորման հասնելու համար: Միաժամանակ, խորը ափսոսանք ենք հայտնում, որ կողմերը բանակցային գործընթացի ընթացքում փոխադարձ շահերի հիման վրա լուծում գտնելու փոխարեն, շարունակել են ձգտել միակողմանի շահերի ապահովմանը:
Նախկինի պես համոզված ենք, որ վերջին չորս տարիներին մեր երկրների ընդունած հայտարարություններում ընդգրկված դրույթները պետք է արդար և հաստատուն հիմք հանդիսանան ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այդ դրույթներն անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջականություն, քանի որ ցանկացած փորձ նախապատվությունը տալ դրանցի մեկին, անտեսելով մնացածը, կբացառի հավասարակշռված լուծում գտնելու հնարավորությունը:
Մենք հաստատում ենք, որ բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է բերել խաղաղության, կայունության և հաշտեցման, ճանապարհ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար: Ռազմական ուժի կիրառումը, ինչի հետևանքով էլ առաջացել է կոնֆլիկտի ներկայիս վիճակն ու անկայունությունը, չի լուծի հակամարտությունը: Ռազմական գործողությունների վերսկումը աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանի բնակչության համար և կբերի մարդկային զոհերի, հետագա ավերածությունների, փախստականների թվի աճի, մեծ ֆինանսական ծախսերի: Վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերին մեկ անգամ ևս հաստատել իրենց հավատարմությունը հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ:
Հորդորում ենք նաև զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում սրել լարվածությունն ու բերել հակամարտության էսքալացիայի: Ղեկավարները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի:
Մեր երկրները պատրաստ են աջակցություն ցուցաբերել կողմերին, սակայն հակամարտությունը վերջ տալու պատասխանատվությունն հենց իրենք են կրում: Խորապես համոզված ենք, որ համապարփակ խաղաղ կարգավորմանը միտված հավասարակշռված շրջանակային համաձայնագրի հետագա ձգձգումն անընդունելի է և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին նոր եռանդով կենտրոնանալ դեռևս բաց մնացած հարցերի լուծման վրա», - ասված է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները