Հ.Նաղդալյան. Նախագահների հայտարարությունը միանշանակ հակաադրբեջանական հայտարարություն է
Նախօրեին Մեծ ութնյակի` G8 գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն ընդունեցին Լեռնային Ղարաբաղի հարցով հերթական, թվով 5-րդ հայտարարությունը: Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանն ասաց, որ գուցե առաջին հայացքից է այդպիսի տպավորություն, թե դա հերթական հայտարարությունն էր և որևէ էական նորություն չէր պարունակում: Բայց, ըստ նրա, հայտարարության մեջ կա շեշտադրումների էական փոփոխություն.
«Առհասարակ, կարող ենք արձանագրել, որ վերջին շրջանում՝ սկսած 2012 թ-ի Լոս Կաբոսի և արդեն երեկ՝ Իռլանդիայի Էնիսկիլենում ընդունված այս հայտարարության մեջ գերտերությունների ղեկավարներն առավել մեծ տեղ են տալիս ուժի կիրառման անթույլատրելիությանը և առավել առաջնահերթ են բարձրաձայնում այս մասին: Միանշանակ կարող ենք փաստել, որ սա հակաադրբեջանական հայտարարություն է, քանզի բոլորիս է հայտնի, թե որ երկիրն է մշտապես հանդես գալիս ուժի կիրառման ու ռազմատենչ դիրքերից»,- նշեց Հ.Նաղդալյանը:
Նրա խոսքով, իր այդ քաղաքականությամբ Ադրբեջանը խախտում է նաև եռանախագահների վերջին 4 տարիների ընթացքում և արդեն երեկ կրկին հաստատած համատեղ հայտարարությունների հիմնական սկզբունքներից մեկը՝ կարգավորման բոլոր դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու բոլոր փորձերը մերժելի են ու անհնարին են դարձնում հիմնախնդրի կարգավորումը.
«Իսկ մեր հարևան երկիրը իր ղեկավարի շուրթերով մշտապես առանձնացրել է այդ դրույթները՝ առաջնային համարելով միայն տարածքային ամբողջականությունը ու պատերազմ սկսելու սպառնալիքներ հնչեցնելով»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Հերմինե Նաղդալյանը կարծիք հայտնեց ու նաև հնչեցրեց իր գնահատականը` այն առաջադեմ հանրության համար բացարձակ անընդունելի գործելաոճ է, որը արտահայտվեց նաև մարդասպան-հանցագործին արդարացնելու և հերոսացնելու ձևով, ինչպես նաև՝ բացարձակ ռասիստական և քսենոֆոբիական բնույթի հայտարարություններով, որոնք Ալիևի շուրթերից հնչում են բավական հաճախ, ինչպես նաև՝ շարունակական սպառազինվելու ադրբեջանական վտանգի իմաստով.
«Կարևոր է այն ժամանակը, երբ այս հայտարարությունն ընդունվեց իր տոնայնության խստացումով, քանզի բնականաբար սա բացասական ազդեցություն է ունենալուԱդրբեջանում ընտրական գործընթացների վրա: Կարևորում եմ նաև այն առումով, որ հավասարակշռված, սթափ, կառուցողական ու խաղաղարար քաղաքականությունը, որը վարվում է ՀՀ նախագահի և արտաքին գործերի գերատեսչության կողմից նաև նման ձևով ողջունվում և գնահատվում է, քանի որ, ըստ իս, առաջին անգամ է, որ մենք տեսնում ենք տարբերակված մոտեցում և առանձնացում վերաբերմունքի և շեշտադրումների մեջ»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը:
Հիշեցնենք, Հյուսիսային Իռլանիայում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբնի համանախագահող երկրների ղեկավարներ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն հանդես են եկել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես, ասված է.
«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներս կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կողմերին՝ հաստատուն և խաղաղ կարգավորման հասնելու համար: Միաժամանակ, խորը ափսոսանք ենք հայտնում, որ կողմերը բանակցային գործընթացի ընթացքում փոխադարձ շահերի հիման վրա լուծում գտնելու փոխարեն, շարունակել են ձգտել միակողմանի շահերի ապահովմանը:
Նախկինի պես համոզված ենք, որ վերջին չորս տարիներին մեր երկրների ընդունած հայտարարություններում ընդգրկված դրույթները պետք է արդար և հաստատուն հիմք հանդիսանան ԼՂ հակամարտության կարգավորման համար: Այդ դրույթներն անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջականություն, քանի որ ցանկացած փորձ նախապատվությունը տալ դրանցի մեկին, անտեսելով մնացածը, կբացառի հավասարակշռված լուծում գտնելու հնարավորությունը:
Մենք հաստատում ենք, որ բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է բերել խաղաղության, կայունության և հաշտեցման, ճանապարհ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար: Ռազմական ուժի կիրառումը, ինչի հետևանքով էլ առաջացել է կոնֆլիկտի ներկայիս վիճակն ու անկայունությունը, չի լուծի հակամարտությունը: Ռազմական գործողությունների վերսկումը աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանի բնակչության համար և կբերի մարդկային զոհերի, հետագա ավերածությունների, փախստականների թվի աճի, մեծ ֆինանսական ծախսերի: Վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերին մեկ անգամ ևս հաստատել իրենց հավատարմությունը հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ:
Հորդորում ենք նաև զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում սրել լարվածությունն ու բերել հակամարտության էսքալացիայի: Ղեկավարները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի:
Մեր երկրները պատրաստ են աջակցություն ցուցաբերել կողմերին, սակայն հակամարտությունը վերջ տալու պատասխանատվությունն հենց իրենք են կրում: Խորապես համոզված ենք, որ համապարփակ խաղաղ կարգավորմանը միտված հավասարակշռված շրջանակային համաձայնագրի հետագա ձգձգումն անընդունելի է և կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին նոր եռանդով կենտրոնանալ դեռևս բաց մնացած հարցերի լուծման վրա»:
Նախորդիվ`
Միջնորդներն օրակարգի փոփոխություն չեն նախատեսում. Պետք է համաձայնեցվեն հիմնարար տարրերը
«Ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը». Նալբանդյանի մեկնաբանությունը` համատեղ հայտարարության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու