ԱՄՆ ՊՆ. Վաշինգտոնը Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով կհամագործակցի Իրանի նորընտիր նախագահի հետ
«Վաշինգտոնը Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով կհամագործակցի Իրանի նորընտիր նախագահի հետ»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Եթե ԱՄՆ-ին ցանկություն հայտնեն, ապա Վաշինգտոնը Իրանի նորընտիր նախագահի հետ պատրաստ է երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով համագործակցել»:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին, նշել է. «Եթե Իրանը միջուկային ծրագրի ոլորտում կատարի իր պարտականությունները, ապա ԱՄՆ-ն կդառնա նրա գործընկերը»:
Ըստ իրանական աղբյուրի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը միևնույն ժամանակ կրկնել է Արևմուտքի՝ Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ հնչեցրած մեղադրանքները, նշելով, որ Վաշինգտոնը Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու գործընթացը կանխելու հարցում հաստատակամ է:
Նախորդող հրապարակում՝
Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կորդեգրի Իրանի նորընտիր նախագահը. Մեկնաբանում է իրանագետ Ա.Իսրայելյանը