Դ.Հարությունյանը` Մինյոնին. Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև հարկ է ձևավորել հանդուրժողականության մթնոլորտ
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, որում անդրադառնում է վաղը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպմանը: Դ.Հարությունյանն իր նամակում, մասնավորապես, բարձրաձայնում է այն հարցը, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները չեն կարող ընդգրկել հարցերի այն շրջանակը, որոնք քննարկվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից:
Բացի այս, նամակագիրը նաև ԵԽԽՎ նախագահին է ներկայացնում մի շարք առաջնահերթ հարցեր, որոնք, ըստ հայաստանյան պատվիարկության, արժանի են քննարկման` կողմերից որևէ մեկի կողմից այլատյացության, անհանդուրժողականության և ռասիզմի ցանկացած դրսևորման նկատմամբ մշտադիտարկման իրականացման անհրաժեշտություն, դրանց կանխարգելման ուղղությամբ համատեղ քայլերի մշակում և իրականացում, քաղաքացիական հասարակության շփումների խթանում և այլն.
«Պատվիրակությունների միջև հարկ է ձևավորել փոխհարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը հնարավորություն կտա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել հանդուրժողականության և փոխվստահության մթնոլորտում»: Նամակը, նշենք, Ժան-Կլոդ Մինյոնին է հասցեագրվել ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման նախօրեին:
Հիշեցնենք, ավելի վաղ Panorama.am-ի հետ հեռախոսազրույցում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեղեկություններին, որոնց համաձայն, ղարաբաղյան հիմնախնդրի հարցով հայ և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպում է կայանալու, նշել էր . «Թույլ տվեք այդ մասին ոչինչ չասել»:
Նախորդիվ`
ԵԽԽՎ-ն մերժել է «խավիարակերների» առաջարկը, իսկ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել ադրբեջանցի պատգամավորին