ԵԽԽՎ-ն մերժել է «խավիարակերների» առաջարկը, իսկ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել ադրբեջանցի պատգամավորին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում եվրոպացի 31 պատգամավորների առաջարկը` կասեցնել ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, հունիսի 24-ին տեղի ունեցած քվեարկությամբ մերժվել է:
Հիշեցնենք, որ պատգամավորների կողմից ներկայացված բանաձևի մեջ Հայաստանը որակվում էր որպես «ագրեսոր» երկիր և այդ պատճառով էլ պետք է կասեցվեր ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը:
«Ընթացքում պարզվեց, որ առաջարկի տակ ստորագրած 31 պատգամավորները այն պատգամավորներն են, ովքեր ներառված են ադրբեջանի խավիարակերների ցուցակում: Դա էր պատճառը, որ անգամ ԵԽԽՎ քարտուղարությունը բացարձակապես անլուրջ վերաբերվեց այդ առաջարկին: Այդուհանդերձ առաջարկը դրվեց քվեարկության և իհարկե, մերժվեց, որովհետև դա անհեթեթագույն առաջարկ էր, որը կազմակերպված էր ադրբեջանական լոբբիի կողմից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ստրասբուրգից փոխանցեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նախօրեին ԵԽԽՎ նիստերի դահլիճում ազատ քննարկումների ժամանակ հեռակա երկխոսություն էր տեղի ունեցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռովշան Ռզաևի ու Նաիրա Զոհրաբյանի միջև: Մասնավորապես, տիկին Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի խորհրդարանում նախապատրաստվում է մի նախագիծ, որը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր ինչ-ինչ շփումներ կունենան Հայաստանի որևէ կառույցի հետ: Հայ պատգամավորի այս հայտարարությանն ի պատասխան Ռովշան Ռզաևը հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ նման օրինագիծ չկա և տիկին Զոհրաբյանին երկխոսելու կոչ արեց` «չլուծված հակամարտության բեռը հաջորդ սերունդներին չթողնելու համար»:
Մեր խնդրանքով անդրադառնալով Ռզաևի այդ հայտարարությանը, տիկին Զոհրաբյանն ասաց, որ ադրբեջանցի պատգամավորը խեղաթյուրում է փաստերը, որովհետև նման նախագիծ Ադրբեջանի Միլի մեջլիսի մի քանի պատգամավորներ են պատրաստել և ինքն իր հայտարարությունն անելիս հիմնվել է ադրբեջանական մամուլից ստացված տեղեկության վրա, ավելին, նախագիծն ինքն ունի: «Այս պահին այն դեռևս խորհրդարանում չի քննարկվել: Բայց նման նախագիծ կա և մեծ է հավանականությունը, որ նախագահական ընտրություններին ընդառաջ ու երկրում ներքաղաքական իրավիճակից շեղելու և «ադրբեջանիզմի» ոգին բարձր պահելու համար այն կընդունվի», -հավելեց հայաստանցի պատգամավորը:
Ինչ վերաբերում է Ռովշան Ռզաևի` երկխոսելու մասին հնչեցրած կոչին, ապա ինչպես տիկին Զոհրաբյանն ասաց, որ իր համար այդպիսի կոչերն անհասկանալի են այն պարագայում, երբ այդ երկրից պարբերաբար թշնամանքի ու ատելության հայտարարություններ են հնչում: «Ինձ բացարձակապես հասկանալի չեն ԵԽԽՎ նիստերի դահլիճում Ռովշան Ռզաևի երկխոսության կոչերը, երբ Ադրբեջանի իշխանությունների ու խորհրդարանի տարբեր պատգամավորների կողմից ֆաշիստական հայտարարություններ են հնչում: Ես մնում եմ իմ կարծիքին», -հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախօրեին ԵԽԽՎ միջանցքներում բաժանել են մի գրքույկ, որտեղ ներկայացվել է «անլուրջ վերլուծություն», որով փորձ էր արվել խավիարային դիվանագիտության սկանդալը ծածկել` տարածելով ապատեղեկատվություն, որ եվրոպացի պատգամավորներն էլ կաշառում են միջազգային կառույցներին սաղմոն տեսակի ձկով: «Դա իհարկե անհեթեթություն է և հասկանալի է, որ որևէ պատգամավոր լրջորեն չի վերաբերվել դրան», -հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեղեկություններին, որոնց համաձայն, ղարաբաղյան հիմնախնդրի հարցով հայ և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպում է կայանալու, տիկին Զոհրաբյանն ասաց. «Թույլ տվեք այդ մասին ոչինչ չասել»:
Նախորդող հրապարակում. Ադրբեջանցին` Նաիրա Զոհրաբյանին. Եկեք երկխոսենք