Քննարկվել է նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը. Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորն ու Յան Կելլին համատեղ հայտարարություն են տարածել` ամփոփելով նախօրեին Վիեննայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը:
ԵԱՀԿ կայքէջում զետեղված հայտարարության տեքստի համաձայն, համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հունիս և հուլիս ամիսներին բանակցային փուլեր են անցկացրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկները զարգացնելու ուղղությամբ: Հիշատակվում է համանախագահների հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի հետ հունիսի 6-ին Լոնդոնում և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հունիսի 28-ին Փարիզում:
«Համանախագահներն ու նախարարները շարունակել են խաղաղ գործընթացի էության շուրջ ընթացիկ քննարկումները` առանձնակի շեշտելով կողմերի միջև լարվածության թուլացման միջոցների իրականացումն ու նախագահների մակարդակով մինչ տարվա ավարտը հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Հուլիսի 12-ին Վիեննայում տեղի ունեցած համատեղ հանդիպման ժամանակ երկու նախարարները վերահաստատել են իրենց հավատարմությունը` նշված նպատակների առնչությամբ և քննարկել գալիք ամիսներին ծրագրված բանակցությունների հետագա ընթացքը», - ասված է հայտարարության մեջ:
Հաղորդագրության համաձայն, հուլիսի 13-ին համանախագահները բանակցությունների վերաբերյալ զեկուցել են Մինսկի խմբի դեսպաններին: Նշվում է, թե համանախագահները կշարունակեն սերտորեն համագործակցել կողմերի հետ` հետագա քայլերը մշակելու նպատակով: