Ցավալի է, որ Հայաստանը թույլ է տվել Ռուսաստանին այդ քանակի զենք վաճառել Ադրբեջանին. Արցախի վարչապետ
«Ցավալի է, որ Հայաստան պետությունը, թույլ է տվել Ռուսաստանին` համանախագահ երկիր լինելով, նման քանակի զենք վաճառել Ադրբեջանին», -Ստեփանակերտում հուլիսի 25-ին Երևանից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Արցախի վարչապետը չի կարող որևէ գնահատական տալ հայտնի «Սմերչ»-ի վաճառքին, ուղղակի մի բան գիտի. «Եթե Ադրբեջանը Ռուսաստանից զենք չառնի, այլ պետությունից է առնելու: Եթե փողը կա, զենք գնելու է»: Այս պարագայում, ըստ Հարությունյանի, պետք է դրան դիմակայել: «Մենք դա կատարում ենք, և բարեբախտաբար, մեր տարածաշրջանում խաղաղությունը դեռ երկար պահպանվելու է շնորհիվ մեր պաշտպանության բանակի», -դիմակայելու ձևը ներկայացրեց վարչապետը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին, ապա Հարությունյանի կարծիքով, այս իրավիճակը շատ երկար է շարունակվելու: «Ես չեմ տեսնում հարցի լուծման տեղաշարժ: Ադրբեջանը այն հայտարարություններն է անում, որ բանակցությունների թեմա էլ չէ: Շատ ժամանակ մեզ քննադատում են` ինչո՞ւ չեք բանակցում, իսկ ո՞ւմ հետ բանակցենք: Ադրբեջանի հետ մեզ պետք չէ բանակցել, որովհետև նրա հետ բանակցելն այսօր անիմաստ է»:
Արցախի վարչապետը համոզված է, որ ղարաբաղյան հարցում ստատուս-քվոն պահպանվելու է դեռ տասնյակ տարիներ: Իսկ այդ ընթացքում, նրա խոսքով, Արցախի իշխանությունները պետք է երկրի զարգացման մասին մտածեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան