Հասան Ռոհանի. Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ լուրջ երկխոսության մեջ մտնել, եթե...
«Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ լուրջ երկխոսության մեջ մտնել»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցած իր առաջին մամլո ասուլիսում հայտարարել է ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը, անդրադառնալով Իրան-ԱՄՆ հնարավոր երկխոսությանն առնչվող հարցին, մասնավորապես պատասխանել է. «Մենք ուշադրությամբ հետևելու ենք ԱՄՆ-ի քայլերին. կառուցողական և իմաստալից քայլերի դեպքում Իրանի կառավարությունը համապատասպան դիրքորոշում կարտահայտի: Պատրաստ ենք, լրջությամբ, առանց ժամանակ վատնելու երկխոսության մեջ մտել, եթե իհարկե, հակառակ կողմն ունի այդ պատրաստակամությունը»:
Շարունակելով թեման՝ Հասան Ռոհանին հավելել է. «Երկու կողմերի մոտ առկա մտահոգությունները բանակցությունների միջոցով կփարատվեն, սակայն, օրենքից դուրս, անխոհեմ և ժամանակ վատնող պահանջները ոչ մի օգուտ չեն տա, պետք է իրատեսորեն գործել: Պետք է աշխատել բանակցությունների, այլ ոչ թե սպառնալիքի միջոցով: Եթե ոմանք կարծում են, որ սպառնալիքի միջոցով կարող են Իրանին որևէ բան պարտադրել, ապա խորը հիասթափություն կապրեն»:
Ընդհանուր առմամբ ապագայում բանակցությունների նկատմամբ վատատես չեմ, չեմ կարծում, որ Արևմուտքը Իրանի պատգամը չի լսել: Երկակի քաղաքականությունը ԱՄՆ-ին ոչ մի արդյունքի չի հասցնի և այդպիսի երկակի քաղաքականությունը Միացյալ Նահանգների պաշտոնյաների անկեղծությունը հարցականի տակ է դնում»,-եզրափակել է Իրանի նախագահը: