Ադրբեջանական ԶԼՄ-ները Իրանին մեղադրում են ադրբեջանցի երեխային «պատանդ» պահելու մեջ. ԻԻՀ դեսպանի արձագանքը
Իրանի հիվանդանոցներում 178 ադրբեջանցի հիվանդների մահանալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը, հերքելով ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, թե Թավրիզի հիվանդանոցում բժիշկները ադրբեջանցի մի հիվանդ երեխայի են «պատանդ» պահել, քանի որ վերջինիս ծնողները չեն վճարել բուժման ծախսերը, մասնավորապես պատասխանել է. «Մենք այդ տեսակ ԶԼՄ-ներից սպասելիք չունենք, թե նրանք դրական դիրքորոշում կարտահայտեն, սակայն, պահանջում ենք, որ Ադրբեջանի առողջապահության նախարարության աշխատակիցները այսպիսի իրավիճակներում կապվեն Իրանի դեսպանության կամ իրանական բուժհաստատությունների հետ, հետո որոշակի դիրքորոշում հայտնեն:
Շարունակելով թեման՝ դեսպան Փաքայինը նշել է. «Մինչ այժմ, ոչ մի անվճարունակ հիվանդ Իրանի բուժհիմնարկներում որևէ խնդիր չի ունեցել: Այդ երեխան իրանցի բժիշկների բարի կամքի շնորհիվ տեղափոխվել է մանկական մեկ այլ մասնագիտացված հիվանդանոց: Ինչ վերաբերում է 178 մահացած հիվանդներին, ապա աշխարհի մեծ հիվանդանոցներում էլ են մարդիկ մահանում, սա նշանակում է, որ այդ հիվանդանոցները անգործունակ ե՞ն»: