«Իրանը թյուրքի, ֆարսի, բալուչի, արաբի, կամ լորի կառավարություն չունի»... Ռոհանիի նախազգուշացումը Անկարային և Բաքվին
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին ներքին գործերի նոր նախարարին ներկայացնելու արարողության ժամանակ երկու բավականին հետաքրքիր հայտարարություն է արել, որն անմիջականորեն կապվում է Իրանի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը:
Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի նոր կառավարության օրոք ոչ մի պաշտոնյա չպետք է տարբերություն դնի այս կամ այն կրոնական փոքրամասնության կամ էթնիկական որևէ միավորի միջև:
«Իրանը թյուրքի, բալուչի, արաբի, ֆարսի կամ լորի կառավարություն չունի, մենք Իրանի կառավարություն ունենք: Իրանը մեկ ընդհանուր հովանոց է, որի տակ բոլորը հավաքված են, Իրանն ունի մեկ սահմանադրություն, մեկ կառավարման համակարգ, մեկ վալի ֆաղիհ (հոգևոր առաջնորդ): Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր իրանցի այդ մեկ ընդհանուր հովանոցի տակ պարծենա իր «իրանականությամբ» և Իրանի Իսլամական Հանրապետությամբ: Լորը, թյուրքը, ֆարսը, արաբը՝ բոլորը ծաղիկ են, միայն նրանց գույներն են տարբեր: Իրականում այդ էթնիկական միավորներն Իրանի ծաղկաստանի (գոլեսթան) բազմազան ծաղիկներն են»,-հայտարարել է Հասան Ռոհանին:
Իրանի նախագահի մյուս հայտարարությունը վերաբերում է կրոնական փոքրամասնություններին: Հարկ է նշել, որ Իրանում չկան ազգային փոքրամասնություններ, այստեղ բոլորը համարվում են իրանցիներ: ԻԻՀ Սահմանադրության 13-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի կրոնական փոքրամասնությունները հայերը, հրեաները և զրադաշտներն են, որոնք Մեջլիսում ներկայացված են իրենց պատգամավորներով, ունեն իրենց եկեղեցին, դպրոցները, մշակութային օջախները, մամուլը և այլն:
Հասան Ռոհանին իր խոսքում ընդգծել է. «Նոր կառավարությունը պետք է օգտագործի Իրանի կրոնական փոքրամասնությունների ներուժը: Խոսքով միասնականություն չի հաստատվում, պետք է գործնական քայլեր կատարել»:
Իրանի նախագահի՝ կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ արած հայտարարությունը վկայում է, որ նոր նախագահը անսացել է իրանահայ պատգամավորի հորդորին, ով նախագահական ընտրություններից առաջ Ռոհանիին ուղղված ուղերձում, ներկայացնելով իրանահայ համայնքի պահանջները, հույս էր հայտնել, որ նոր իշխանության օրոք կվերանան բոլոր այն խնդիրները, որոնց հետ կրոնական փոքրամասնություններն առնչվում են տարբեր պետական մարմիններում:
Ինչ վերաբերում է Իրանի այսպես կոչված էթնիկական խնդրիներին, ապա գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը վերջին տարիներին հակաիրանական անջատողական խմբավորումների, հեռուստատեսության (Gunaz.tv), լրատվական կայքերի, կեղծ քարոզչությամբ, պատմությունը կեղծելով և բազմաթիվ այլ միջոցներով անթաքույց վարել են Իրանը մասնատելու քաղաքականություն, ամեն պատեհ առիթ օգտագործելով, շահարկել են Իրանի թյուրքախոս ազարիների խնդիրները՝ տարածքային պահանջներ ներկայացնելով Իրանի Արևելյան Ատրպատական և Արևմտյան Ատրպատական նահանգների նկատմամբ:
Իրականում Հասան Ռոհանիի վերոնշյալ հայտարարությունները ուղղված էին և արտաքին և ներքին լսարանին: Արտաքին ուժերին ուղղված «մեսիջով» Ռոհանին հստակ հասկացնում է, որ Իրանի նոր իշխանությունները մարտական են տրամադրված տարածքային ամբողջականությանը սպառնացող յուրքանչյուր քայլի նկատմամբ (ի դեպ, դա ամրագրված է նաև Իրանի նորանշանակ ԱԳ նախարարի ծրագրում), իսկ ներքին լսարանին ուղղված կոչով Ռոհանին հասարակության մեջ փորձում է ձևավորել համերաշխության և միասնականության մթնոլորտ, որն անշուշտ նոր նախագահին կօգնի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ավելի վստահ քայլեր կատարել:
Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են Իրանը մասնատելու ծրագիրը. Իրանագետի մեկնաբանությունը
Իրանահայ համայնքի պահանջներն ու անկնկալիքները Իրանի նորընտիր նախագահից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան