Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու կոչ են արել
Ադրբեջանում գործող արևմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները երկրի կառավարությանը կոչ են արել առաջիկա նախագահական ընտրություններն անցկացնել ժողովրդավարական չափորոշիչների համաձայն: Հայտարարության տեքստը հրապարակվել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության կայքում:
Հայտարարությանը ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններից բացի, միացել են նաև Բաքվում ԱՄՆ և Նորվեգիայի ներկայացուցչությունների ղեկավարները: «Մոտակա ընտրությունների լույսի ներքո Ադրբեջանում ԵՄ ներկայացուչությունն իր անկեղծ ցանկությունն ու հույս է հայտնում, որպեսզի ընտրական գործընթացը կայանա համընդգրկուն, թափանցիկ ու հուսալի»,- նշել են դիվանագետներն ու հիշեցրել, որ «քանի որ Ադրբեջանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ է, իսկ հաջորդ տարի նախագահելու է Եվրոպայի Խորհրդում», նշվածի իրականացումն «ավելի մեծ կարևորություն ու հանրային նշանակություն է ձեռք բերում»:
Այնուհետև հայտարարության հեղինակները մատնանշել են, թե ինչ են ակնկալում Աիլևի վարչակարգից: «Մենք կոչ ենք անում կառավարությանը` ժողովրդավարական քաղաքական արտահայտման և հավաքների ազատության համար անհրաժեշտ ազատ և բաց տարածության գործառնման համար պայմաններ ապահովել: Մենք կոչ ենք անում կառավարությանը զբաղվել հասարակության ողջ սպեկտրով կառուցողական երկխոսությամբ, այդ թվում` քաղաքացիական հասարակության անկախ, ոչ կառավարական կազմակերպությունների հետ»,- նշել են նրանք ու կոչ արել «ընդգրկուն, թափանցիկ ու վստահություն ներշնչող ընտրություններ անցկացնելու համար աջակցություն ստանալու նպատակով սերտորեն համագործակցել միջազգային գործընկերների, հատկապես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հետ»:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ. հոկտեմբերի 9-ին: 2003թ.-ից ի վեր նախագահ Իլհամ Ալիևը հավակնում է այդ պաշտոնը ստանձնել արդեն երրորդ անգամ: Նման հնարավորություն ստեղծելու համար 2009թ. մարտին Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններ էին իրականացվել, որոնց նպատակը երկու ժամկետ անընդմեջ պաշտոնավարումից հետո գործող արգելքը վերացնելն էր: Այս փոփոխությանը միջազգային հանրությունը բացասաբար է վերաբերվել: Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովն այդ կապակցությամբ հայտարարել էր. «Մեկ անձին նախագահի պաշտոնում բազմիցս ընտրվելու հնարավորություն տալը գնահատվում է որպես ժողովրդավարության զարգացման գործում մեկ քայլ հետ»: