Ս. Մինասյան. Քիչ հավանական է Մոսկվայի դիրքորոշման փոփոխությունը Ղարաբաղյան հակամարտության հարցում
«Կովկասյան ինստիտուտի» փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Vesti.az» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Եվրամիության և Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, հայ-ռուսական հարաբերություններին և Ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրին:
Քաղաքագետը փաստել է, որ Հայաստանի հասարակությունը համարում է, որ Վիլնյուսի գագաթաժողովը կարող է դառնալ Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական, հումանիտար ու տնտեսական սերտ ինտեգրման բավականին երկար ճանապարհի շարունակություն: Նրա խոսքով, եթե տեղի չունենա ինչ-որ գլոբալ ֆորս-մաժոր, ապա այդ համաձայնագիրը կնախաստորագրվի:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից գազի սակագնի բարձրացումը, Ադրբեջանին զենք վաճառելը և Բաքու կատարած ՌԴ նախագահի այցը նշանակո՞ւմ են, որ Ռուսաստանը փորձում է կանխել Հայաստանի եվրաինտեգրումը և կարող է փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրում, Ս. Մինասյանը քիչ հավանական է համարել նման զարգացումները:
«Որքան տեղյակ եմ, Ադրբեջանի հետ զենքի մատակարարման համաձայնությունը ձեռք է բերվել դեռ 2010-2011թթ.-ին, իսկ ռազմատեխնիկայի որոշ տեսակների մատակարարումը սկսվել և իրականացվել են դեռ նախորդ տարվա վերջին` այն ժամանակ, երբ տվյալ թեման ընդհանրապես չէր շահարկվում տեղեկատվական ու քաղաքական դաշտում: Նույն իրավիճակն է նաև գազի սակագների բարձրացման հետ կապված:
Բնական է, որ փորձագետների շրջանում կարող է ի հայտ գալ ժամանակային տեսանկյունից ոչ այնքան ընդհանրություններ ունեցող այս երկու իրադարձությունները ինչ-որ դավադրական շղթայի մեջ կապելու գայթակղություն, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մինչ այս պահը ռուսական կողմը պաշտոնապես չի արտահայտել իր բացասական դիրքորոշումը ԵՄ հետ Հայաստանի քաղաքական, հումանիտար և տնտեսական ինտեգրման վերաբերյալ:
Հաշվի առնելով պաշտոնական Երևանի ռազմաքաղաքական դիրքորոշման անբեկանելիությունը, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, անվտանգության ոլորտում ռուսական երաշխիքները և Հայաստանի տարածքում ՌԴ ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրի առկայությունը, այսինքն` այն հարցերը, որոնք երկկողմ հարաբերությունների համատեքստում ռուսական կողմի համար առաջնահերթ են, ապա պաշտոնական Մոսկվայի կողմից անհանգստության և դժգոհության հիմքեր չպետք է լինեն:
Հետևաբար քիչ հավանական են Մոսկվայի նման կտրուկ քայլերը տարածաշրջանում միակ ռազմաքաղաքական դաշնակցի` Հայաստանի նկատմամբ: Հետևաբար, քիչ հավանական է նաև նրա դիրքորոշման փոփոխությունը Ղարաբաղյան հակամարտության հարցում»,- նշել է Սերգեյ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին