Սերժ Սարգսյան. Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը
Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ ունեցած հանդիպումից հետո:
Իր խոսքում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը` «վստահության մթնոլորտի և հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված պայմանավորվածությունների համար:
«Ինչպես քիչ առաջ ասվեց, մեր հարաբերություններին բնորոշ կառուցողական մթնոլորտում ՌԴ նախագահի հետ քննարկեցինք մեր երկրների դաշնակցային գործընկերության հիմնական հարցերը` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում»,- նշել է Ս. Սարգսյանն ու անդրադարձել գործընկերոջ հետ ունեցած զրույցին. «Բնականաբար խոսեցինք տարածաշրջանային խնդիրների և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին: Ես ևս մեկ անգամ հաստատեցի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը` մեկ ամբողջություն կազմող` ազգերի ինքնորոշման, ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը շարունակել ճգնաժամից ելքի ուղիների որոնումը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում արտացոլված կարգավորման սկզբունքների և տարրերի հիման վրա»:
Բարձր մակարդակով հայ-ռուսական բանակցություններում առանցքային տեղ է հատկացվել տնտեսական հարցերին: «Մեր այսօրվա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Հայաստանում ենթակառուցվածքային վերափոխումների ապահովման անհրաժեշտությունն էր, մեր տնտեսության արդիականացման ու դիվերսիֆիկացիայի ապահովումն էր, որտեղ Ռուսաստանը ներկայացված է բազմաթիվ ձեռնարկություններով: Մանրամասնորեն կանգ առանք մեր փոխգործակցության հորիզոններն ընդլայնող հեռանկարային ուղղությունների վրա: Դա և՛ ռազմատեխնիկական համագործակցությունն է, և՛ վառելիքաէներգետիկ համալիրը՝ ներառյալ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, տրանսպորտի և հաղորդակցությունների բնագավառի խնդիրները»:
Նախագահ Սարգսյանի խոսքով` ռուս գործընկերոջ հետ հանգամանալից քննարկում են անցկացրել եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ: «Ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում»,- նշել է հանրապետության ղեկավարն ու հավելել. «20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձևավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձևաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը և արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից»:
Բանակցությունների արդյունքում նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինը հաստատեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինն իր աջակցությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության այդ որոշմանը և հայտնեց այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու՝ Ռուսական կողմի պատրաստակամությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան