Ա. Հովհաննիսյան. Անձնական հարաբերությունների հիման վրա համաշխարհային դավադրության մասին մեկնաբանություններ չենք անում
Միջադեպն անձնական բնույթի է: Անդրադառնալով Նախախորհրդարանի տարածած հայտարարությանը Panorama.am-ին հայտնեց Հայազն կուսակցության մամուլի քարտուղար Արմեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Նախախորհրդարանի հայտարարության համաձայն, սեպտեմբերի 2-ին, ժամը 17:45-ի սահմաններում Հայազն կուսակցության յոթ-ութ անդամներ, այդ թվում` կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանը և Արմեն Մկրտչյանը, հարձակվել են Երևանի Հյուսիսային պողոտայում միայնակ քայլող Նախախորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանի վրա ու հարվածներ հասցրել նրան:
«Մենք մարդկանց անձնական հարաբերությունների հիման վրա շատ հեռուն գնացող մեկնաբանություններ համաշխարհային դավադրության և այլնի մասին չենք անում»,-ասաց Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ կուսակցությունը միջադեպի վերաբերյալ նաև հայտարարություն է տարածել:
Հայազնի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Սույն ամսվա սեպտեմբերի 2-ին մամուլում հրապարակվել է Նախախորհրդարանի հայտարարությունը, որտեղ ակտիվիստների հանդեպ ոստիկանության ճնշիչ գործողությունները անհեթեթ պատճառահետևանքային կապերով և տրամաբանության տարրական կանոններին հակառակ տեղավորվել են Հայազնի անդամների կողմից Սարդարապատ/Նախախորհրդարանի անդամների դեմ իբր իրականացվող կանոնակարգված և նպատակաուղղված ճնշումների կողքին:
Այսպիսով, քաղաքացիական դիմադրության օջախները հավասարեցվում են «խեղճ» սարդարապատականների անձնական պահվածքի հետ կապված հնարավոր միջադեպերի, իսկ Հայազնը «անիծյալ վարչակարգի» հետ:
Վերին աստիճանի ծիծաղաշարժ և անտրամաբանական են սեփական գործունեությունը գերարժևորելու նման ճիգերը:
Հայազնի վարչությունը, ևս մեկ անգամ հիշեցնում է իր սկզբունքային դիրքորոշումը ներկայիս վարչակարգի և քաղաքացիների հիմնական շահերն ու բնական իրավունքները ոտնահարող իշխանական բուրգի վերաբերյալ. այս վարչակարգը և դրա հիմքում ընկած համակարգը պետք է վերացվեն Ազգային Հեղափոխության միջոցով:
Վաղ թե ուշ այս անողոք պայքարի դաշտը կլքեն` այն գեղարվեստա-թաթերական անիմաստ և ապաշնորհ արարների վերածող, հետապնդման մոլուցքի դրսևորումները հանրությանը տեղի-անտեղի հրամցնող ուժերը»: