Ջեյմս Ուորլիք. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կողմերի կամքը
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է կողմերի կամքը: Այս մասին «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Արդեն 21 տարի է անցել Լեռնայի Ղարաբաղի հակամարտության սկսվելուց: Եկել է ատելությանն ու տառապանքներին վերջ տալու ժամանակը: Եկել է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա կողմերի համատեղ աշխատանք սկսելու ժամանակը: Եկել է Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի երկրների համատեղ գործունեության ժամանակը»,- նշել է ամերիկացի համանախագահը:
Նա տեղեկացրել է, թե սա իր առաջին այցն է տարածաշրջան, որի շրջանակում հանդիպելու է Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ, ապա ընդգծել, թե գլխավորն իր համար այս էտապում լինելու է որքան հնարավոր է շատ տեղեկատվություն ստանալն է ու կարծիքներ լսելը:
«Ես անհամբերությամբ սպասում եմ գործընկեր համանախագահների հետ համատեղ աշխատանքի սկսվելուն: Հրադադարի մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի նախաշեմին կարծում եմ, որ անհրաժեշտ է գտնել կայուն խաղաղության ու զարգացման ճանապարհը: Ես կլինեմ առաջին ամերիկացի համանախագահը, ով տևական ժամանակ կզբաղվի այս հակամարտությամբ: Կայուն խաղաղության հասնելու համար կշարունակեմ իմ աշխատանքը` հիմնվելով ռեալիզմի և պրագմատիզմի վրա»,- նշել է Ջեյմս Ուորլիքը: