Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ
Վերջին շրջանում Իրանը Ադրբեջանին մեղադրում է իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գրական ժառանգությունը աղավաղելու մեջ: Իրանի ԱԳՆ-ն, Ադրբեջանում Իրանի դեսպանը, Մեջլիսի պատգամավորներ անդրադարձել են այդ խնդրին՝ դատապարտելով Բաքվի գործողությունները: Այդ հարցում պարզաբանումներ ստանալու նպատակով Panorama.am-ը դիմեց իրանագետ Արմեն Իսրայելյանին:
«Զավեշտալի է, որ Ադրբեջանական հանրապետությունը, ունենալով ընդամենը 95 տարվա պատմություն, Իրանի գրականության 12-րդ դարի մեծագույն դասականներից մեկին՝ պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջավիին համարում է «ադրբեջանական» գրող»,-նշեց Իսրայելյանը և հավելեց. «Այն ամենը, ինչ կատարվում է Գյանջավիի ժառանգության շուրջ, միանգամայն տեղավորվում է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության շրջանակներում. Այն է՝ տարածքային անհիմն պահանջներ ներկայացնել հարևաններին, խեղաթյուրել պատմությունը՝ այդ կերպ կերտելով «հին ադրբեջանական» պատմությունը»:
Անդրադառնալով թեմայի առնչությամբ Իրանի բարձրացրած աղմուկին՝ Իսրայելյանը նշեց. «Առաջին անգամը չէ, որ Նիզամի Գյանջավիի հարցը հայտնվում է իրանաադրբեջանական հարաբերությունների օրակարգում: Օրինակ, նախորդ տարի, երբ որպես ադրբեջանական գրող՝ Գյանջավիի արձանը տեղադրվեց Հռոմի այգիներից մեկում, իրանցի մտավորականները ևս իրենց բողոքի ձայնը բարձրացրին: Իրանի նոր իշխանությունների հայտարարությունները՝ ի դեմս ԱԳՆ-ի և Ադրբեջանում ԻԻՀ դեսպանի, նախորդների համեմատ ավելի կտրուկ են՝ զերծ ավելորդ դիվանագիտական ձևակերպումներից»:
«Ամբողջ աշխարհը մարմինն է, իսկ Իրանը`սիրտը»,-մեջբերելով Գյանջավիի խոսքերը, իրանագետը հավելեց. «Գիտեք, Ադրբեջանի առաջ քաշած միակ փաստարկն այն է, որ այն քաղաքը, որտեղ ծնվել է իրանցի բանաստեղծը, գտնվում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում, հետևաբար ադրբեջանական գրող է: Սակայն պետք է նշել, որ նրա ծննդվայրի առնչությամբ տեղեկություններն այդքան էլ հստակ չեն: Որոշ աղբյուրներ նշում են Իրանի ներկայիս Մարքազի (Կենտրոնական) նահագում գտնվող Թաֆրեշ (Թադ) շրջանը, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ Գյանջավին ծնվել է Գանձակում (քաղաք` ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում), իսկ նրա ծնողները՝ Իրանի Ղոմ քաղաքից են: Գյանջավին իր ստեղծագործություններում նույնիսկ մի բեյթ (երկտող) չի գրել այլ լեզվով: Նրա բոլոր ստեղծագործությունները բացառապես գրված են ժամանակի մշակված գրական պարսկերենով»:
«Քաղաքականությունը մշակույթից անհրաժեշտ է տարանջատել. Համաշխարհային մշակույթի պահպանության համար պատասխանատու միջազգային կազմակերպությունները գոնե մշակույթի հարցում պետք է անաչառ մոտեցում ցուցաբերեն և թույլ չտան, որպեսզի Ադրբեջանը, ահռլեի ֆինանսական միջոցներ ծախսելով, սեփականացնի հարևան ազգերի մշակույթը»,-եզրափակեց Իսրայելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին