Հ.Նաղդալյան. Նախագահի վարած քաղաքականությունը ստեղծել է վստահության այն պաշարը, որով Հայաստանը եկել է այս որոշմանը
«Դավանել մեկ սկզբունքի՝ լինելով ոչ ռուսամետ և ոչ էլ ամերիկամետ ոչ մեկ քաղաքական ուժի դիրքորոշումն է. պետք է տեսնել, որ այդ սկզբունքը կարող են դավանել այլ քաղաքական ուժեր ևս , և այն առաջին հերթին որդեգրել է գործող իշխանությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով օրերս հրավիրված ՀԱԿ վարչության նիստում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած գնահատականները:
Փոխնախագահի խոսքով` արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում, ինչպես և մնացած հարցերում, իշխանությունները մշտապես գործել են իրական պետական պատասխանատվության գիտակցությամբ, այսինքն՝ այնպես, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով կգործեին իրենք, եթե իշխանություն լինեին.
«Իրականում հանրության համար էլ է պարզ, որ ընդդիմադիրը կարող է ներկայանալ որպես հերոս, քաջ, քննադատող և այլն, բայց երբ ստանձնում է պետական պաշտոնի պարտավորությունը, փոխվում են արտահայտչաձևերը` նա պետք է ենթարկվի պետության հարաբերություններում միջազգային քաղաքականության նորմերին: Երբ ասում են, որ օտարամոլությունը և այլատյացությունը մեր օրակարգում և մտածողության մեջ չպետք է տեղ ունենան, բայց մի ամբողջ ելույթում ոտքից գլուխ օտարամոլ և այլատյաց են, արդեն արժանահավատ չէ: Կուզեի նշել՝ մարդ, ով եղել է ՀՀ առաջին նախագահը, մշտապես պետք է մտահոգվեր պետության նկատմամբ արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի մասին, առաջին հերթին իր կողմից , հետո նոր՝ օտարների, և երկրի գործող նախագահին չդիմի անունով կամ ինչ-որ անհարգալից ձևակերպումներ թույլ տա իրեն, որն անընդունելի է զուտ որպես երկրի նախագահի ինստիտուտի հանդեպ վարքագիծ»,- նշեց Հ.Նաղդալյանը:
Վերադառնալով Հայաստանի վարած քաղաքականությանը, տիկին Նաղդալյանը նշեց, որ այն կարծես թե չի արժանանում դրսի մեր գործընկերների կողմից նեգատիվ գնահատականների: Ոմանք, շարունակեց Panorama.am-ի զրուցակիցը, նույնիսկ սրտի ցավ ապրեցին, որ Եվրամիության արձագանքը բավականին մեղմ է ու կարծես չի կոշտանում, դարդոտվեցին, թե ինչու Հայաստանին մի լավ չեն «նեղում» ,այլ ընդամենը մեղմ արձագանքում են.
«Իհարկե, հնարավոր է, որ ԵՄ-ն սառը պատերազմի իներցիա ունի կամ դեռ չի ուզում այրել կամուրջները, բայց կա նաև մեկ այլ հանգամանք, որ նախագահ Սարգսյանը այս ամբողջ ծրագիրը իրագործելու ժամանակ հաշվի էր առել բազմաթիվ գործոններ, այդ թվում, որ կգործի սառը պատերազմի իներցիան կամ այն, որ Հայաստանի հետ չեն ցանկանա կամուրջներն այրել և չեն հրաժարվելու համագործակցությունից, այսինքն՝ ՀՀ նախագահը մանրամասնորեն ծրագրել, հաշվարկել և նուրբ ու ազնիվ գործելավոճով քայլ առ քայլ իրագործել է այս ծրագիրը»,- վստահություն հայտնեց նա:
Ինչ վերաբերում է Լ.Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածին, թե ինչպես կվարվեր նման դեպքերում ու սեփական փորձից մեջբերումներին, Հ.Նաղդալյանն ասաց, որ կասկածներ ունի` արդյո՞ք ՀՀ քաղաքացիների համար, ովքեր գիտակցում են, որ ինքնիշխան պետության քաղաքացիներ են, հաճելի բացահայտում էր օրինակ այն, որ կարևորագույն ու կենսական խնդիրներից մեկի՝ ԱՊՀ կազմի մեջ մտնելու այս որոշումը կայացվել է ոչ թե ՀՀ նախագահի որոշումով, այլ՝ մեկ այլ երկրի կառավարության թույլտվությամբ.
«Մինչդեռ այս խնդիրը հետագա տասնյակ տարիների վեկտորային որոշումների հիմք է հանդիսացել, այդ թվում և այսօրվա: Եվ էլ ի՞նչ սուվերենության մասին է խոսքը, այդ գործելակերպո՞վ է արտահայտվում սուվերենությունը: Իսկ եթե դա այդպես չէ, ապա այսօր ինչո՞ւ է այսպիսի աղմուկ բարձրացվում իբրև թե սուվերենության նվազեցման թեմայով»,- հարցադրում արեց տիկին Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ միջազգային հարթակում վստահություն շահելու գործընթացում ՀՀ գործող նախագահի այս տարիների ընթացքում վարած ամբողջ քաղաքականությունը, վարքագիծը՝ Հայաստանը ներկայացնելու որպես սոլիդ գործընկեր միջազգային հարթակում, ստեղծել է այն վստահության պաշարը, որով Հայաստանը եկել է այսօրվա որոշմանը.
«Հայ-թուրքական արձանագրությունների մասին խոսելիս պետք չէ մոռանալ, որ նաև այդ արձանագրություններով Սերժ Սարգսյանը ստեղծել է այն ընկալումը, որ Հայաստանը միջազգային հարթակում լուրջ և հարգանքի արժանի գործընկեր է: Եվ եթե այսօր մեր օտարերկրյա գործընկերները ըմբռնումով են մոտենում այն իրավիճակին, որի մեջ Հայաստանը գտնվում է՝ ելնելով աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքից, ապա դրա արմատները հենց նրանում են, որ նախագահ Սարգսյանը այս տարիների ընթացքում ստեղծել է իր՝ որպես պետական քաղաքական առաջնորդի հանդեպ հարգալից վերաբերմունքն ու վստահության մթնոլորտը: Իրականում առաջին նախագահի խոսքում միայն էմոցիաներ են, բայց կոնկրետ քայլի՝ Մաքսային միությանը անդամակցության մասին ռեալ որևէ բան չի ասված և այս գործառույթը նրա կողմից հասցեագրվում է «լուրջ մասնագետներին»՝ տնտեսագետներին: Շատ ճիշտ է, այդ դեպքում ավելի լավ չէ՞ր լինի սպասել, տեսնել՝ ի՞նչ բանակցային գործընթաց է տեղի ունենում, ի՞նչ պայմաններ են առաջադրվում այդ ընթացքում, ի վերջո, տեսնել թե այդ լուրջ տնտեսագետները ի՞նչ գնահատական են տալիս, ու նոր դրանից հետո համեմատել նվաստացուցիչ՝ Բաթումի պայմանագրի հետ»,- նշեց նա ու ավելացրեց, որ այդ համեմատությունն ընդհանրապես անտեղի է համարում, քանի որ այն պարզապես հանրության մոտ նեգատիվ վերաբերմունք արթնացնելու միջոց է.
«Տեսան, որ հանրության մեջ չկար այդ նեգատիվը, մտածեցին, որ անհրաժեշտ է այն անպայման սերմանել: Շտապել պիտակավորել, բացասական պատկերացում ստեղծող քաղաքական գնահատականներ տալ, իսկ վերջում զգուշավոր կերպով ասել՝ դե հիմա այդ քայլը չենք կարող գնահատել, քանի որ մասնագետները պետք է աշխատեն. կոռեկտ չէ: Իրենք էլ լավ գիտեն, որ իշխանությունը այդ պրոֆեսիոնալ տնտեսագետների աշխատանքը, վերլուծությունները կատարել, աշխատել է բոլոր մինուսներն ու պլյուսները ծանր ու թեթև անել և դրանց հիման վրա միայն ընտրել հնարավոր լավագույն տարբերակը: Մեր կարծիքով դա Մաքսային միությունն է, հնարավորինս պահպանելով և զարգացնելով մեր հարաբերությունները եվրոպական հանրության հետ, քանզի եվրոպական արժեհամակարգի կրողն ենք: Իսկ այն, որ Մերձբալթյան կամ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ ցնծում էին, երբ միացան ԵՄ-ին , այդպես է, բայց հետո հսկայական պրոբլեմներ ունեցան և մինչ օրս էլ ունեն: Ավելի լավ չէ՞ առավել չափավոր, հավասարակշռված քայլերով առաջ ընթանալ՝ խուսափելով վաղն այդ ահագնացող խնդիրներից, ինչն էլ մենք անում ենք»,- հավելեց Հ.Նաղդալյանը:
Նախորդիվ`
Տեր-Պետրոսյանը բացատրեց ու չգնահատեց