Բարաք Օբաման հաստատել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին նամակ է ուղարկել
«Միջուկային ծրագրի հարցում Իրանի նկրտումների առնչությամբ Միացյալ Նահանգների մտահոգությունն ավելի մեծ է, քան Սիրիայի քիմիական զենքը»,-այդ մասին իրանական «սաբալաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Համաձայն հաղորդագրության՝ Օբաման «ԷյԲիՍի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով վերջին շրջանում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցած նամակագրության մասին տեղեկատվությանը, նշել է. «Ես Իրանի նախագահին նամակ եմ ուղարկել, սակայն մենք միմյանց հետ ուղղակի չենք զրուցել»:
ԱՄՆ նախագահը, չբացահայտելով Իրանի իշխանություններին հղած նամակի բովանդակությունը, նշել է. «Միջուկային ծրագրի հարցում Իրանի նկրտումների առնչությամբ Միացյալ Նահանգների մտահոգությունն ավելի մեծ է, քան Սիրիայի քիմիական զենքը: Կարծում եմ, որ իրանցիները ևս ընկալում են, որ քիմիական զենքի համեմատ՝ միջուկային խնդիրը մեզ համար չափազանց կարևոր է»:
Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով միմյանց ուղերձներ են հղել:
Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:
Նախորդող հրապարակումներ՝
ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով միմյանց ուղերձներ են հղել
Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը ԻԻՀ ԱԳ նոր նախարարի ծրագրում. Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրան է այցելում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Ջեֆրի Ֆելթմանը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կմեկնի Նյու Յորք. ՄԱԿ-ի ԳԱ նիստում նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 24-ին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում