«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը թիվ 38 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ
«Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում ենք որպես անազատ և անարդար»,-այսօր նման հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը Սյունիքի մարզն ընդգևրկող թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ընտրություններում կուսակցությունն առաջադրել էր Սամվել Հայրապետյանի թեկնածությունը, ով ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով հավաքել է 3 555 ձայն, իսկ նրա միակ մրցակից ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը` 20 744 ձայն:
Հայտարարության մեջ նաև ասված է.
«Ընտրությունների ընթացքում և դրան նախորդած նախընտրական շրջանում տեղ գտած խախտումներն էապես ազդեցին արդյունքների վրա՝ ետ պահելով հազարավոր ընտրողների իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց՝ ընտրություններին մասնակցելուց, ինչի պատճառով դրանք առանձնացան ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշով:
Մտնելով այս ընտրապայքարի մեջ, «ժառանգությունը» քաջ գիտակցում էր իր թեկնածուին սպասվող բոլոր դժվարություններն ու ռիսկերը: Սակայն լինելով մասնակցային քաղաքականության կողմնակից, մենք չէինք կարող առանց այլընտրանքի թողնել գործող ապօրինի իշխանությունների առկայության հետ չհամակերպվող ընտրողներին՝ անկախ այն բանից, թե նրանց որ մասը կմասնակցեր ընտրություններին:
Արդեն սեպտեմբերի 25-ին՝ ընտրություններից 4 օր առաջ, դրանք մթագնեցին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզչության խոչընդոտմանն ուղղված գործողությամբ, որն իրականացվեց իշխանությունների լռելյայն թողտվությամբ: Իսկ ընտրությունների նախօրեին իշխանությունները կիրառեցին իրենց «փորձված» ապօրինությունը՝ համատարած ընտրակաշառք բաժանելով ընտրողներին թե՛ 5000-ական դրամների և թե՛ գյուղապետերի և ՀՀԿ այլ պաշտոնյաների կողմից բակերում կազմակերպված զանգվածային նախընտրական «հյուրասիրությունների» տեսքով: Պատկերն ամբողջացրեց վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես՝ ընտրողներին ընտրատեղամաս բերելու և նրանց ուղղորդելու հայտնի փորձը:
«Ժառանգության» թեկնածու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը, ում մարտական և քաղաքացիական խիզախությունն ուսանելի օրինակ է շատ շատերի համար, որոշել է բողոքարկել ընտրության ընթացքն ու արդյունքը:
«Ժառանգությունը» շարունակելու է օրինականության ու սահմանադրական կարգի հաստատման համար պայքարը՝ աջակցելով դիմադրության օջախներին՝ ընդդեմ դե ֆակտո իշխանությունների կամայականությունների և հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի»:
«Ժառանգություն» կուսակցություն
30 սեպտեմբերի 2013թ.
Նախորդող հրապարակումներ`
«Հիմա ես ո՞նց իրեն շնորհավորեմ». Սամվել Հայրապետյանը մտադիր է բողոքարկել ընտրության արդյունքները
Թիվ 38. «Ժառանգության» թեկնածուն խախտումների մասին ենթադրություններ անել չի ցանկանում
Հայրապետյանի թիմը վստահ է. Իրենց թեկնածուն է պատգամավոր դառնալու
Թիվ 38-ում առաջադրված Հանրապետական թեկնածուն գտել է սյունեցիների վստահությունը շահելու ձևերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները