Ա.Սաքունց. Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ հայցն անպայման կմտնի Սահմանադրական դատարան
«Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո միայն ՀՀԿ-ի հետ խորհրդակցեց, թե ինչու է այդ որոշումը կայացրել, բայց մինչև հիմա հանրությունը չի լսել նրանից որևէ մեկնաբանություն, հայտարարություն, թե ինչո՞ւ սեպտեմբերի 3-ին մեկ ժամվա ընթացքում որոշեց, որ Հայաստանը գնում է Մաքսային միություն»,-այսօրվա ասուլիսում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ըստ բանախոսի. «Սա վկայում է, որ Սերժ Սարգսյանի որոշումը հանդիսանում է միանձնյա, ոչ ժողովրդավար և ոչ իրավական, ինչն ապացուցվում է այն հանգամանքով, որ մոսկովյան այցից առաջ իշխանություն բոլոր թևերից հակառակ հայտարարություններն էին արվում»:
Ա.Սաքունցը նաև շեշտեց` Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ հայցն անպայման կմտնի Սահմանադրական դատարան, թեև շատ լավ գիտակցում է, որ ՍԴ-ն քաղաքական իմաստով շատ խոցելի է։
Ասուլիսի հաջորդ հյուրն էլ , «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Զեյնալյանը, նախ հայտարարեց, որ դեմ է այդ որոշմանը, իսկ այնուհետ նշեց, որ խախտվել է հրապարակայնության սկզբունքը.
«Նման հայտարարություն անելն ու նման կուրս վերցնելը, կամ արդեն իսկ սկսված կուրսը կտրուկ փոխելը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին. հասարակական քննարկում ու երկխոսություն չէր ծավալվել, բանավեճ չկար` լա՞վ է, որ միանանք այդ միությանը, թե վատ»,- նշեց նա և ավելացրեց, որ սա քաղաքական պատասխանատվություն ենթադրող քայլ էր, սակայն Հայաստանում քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի գործում:
Իսկ սահմանադրագետ Արմեն Մազմանյանը նշեց, որ ՍԴ-ի կողմից հայցը բավարարելու երկու քաղաքական հնարավորություն կա՝ եթե այն պաշտպանվի ժողովրդավարական մեծ շարժման կողմից, այդ դեպքում ՍԴ-ն ստիպված կլինի կայացնել որոշումը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը: Եվ երկրորդ` եթե իշխանություններն իրենք ինչ-ինչ պատճառներից ելնելով ցանկանան, որ դատարանը նման որոշում կայացնի։