Իրանագետ. Ադրբեջանը «մշակութային պատերազմ» է հայտարարել Իրանին
Ինչպես հայտնի է մի շարք խնդիրների պատճառով վերջին տարիներին Իրան-Ադրբեջան հարաբերությունները գտնվում են փոխադարձ անվստահության մթնոլորտում: ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին տարբեր առիթներով հայտարարել է, որ Թեհրանը բոլոր հարևանների հետ ցանկանում է կառուցել բարիդրացիական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Այդ կերպ Իրանի նոր իշխանությունները փորձեցին Մ.Ահմադինեժադի իշխանության օրոք որոշ հարևանների հետ ունեցած լարված հարաբերությունները թողնել անցյալում և սկսել նոր էջից:
Թեհրանին կարծես թե հաջողվում է Պարսից ծոցի արաբական երկրների հետ բարելավել իր հարաբերությունները, սակայն նույնը չի կարելի ասել իրանաադրբեջանական հարաբերությունների մասին:
Եթե 2012թ.-ին հիմնականում երկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառն այն էր, որ Ադրբեջանն Իրանին ներկայացնում էր տարածքային պահանջներ՝ շահարկելով իրանցի թյուրքախոս ազարիների հարցը, ուղղակի և անուղղակի աջակցություն ցուցաբերելով հակաիրանական անջատողական խմբավորումներին, ապա վերջին շրջանում հարաբերությունները լարվեցին մշակութային հարցերի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով:
Թեհրանը բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների շուրթերից բազմիցս հայտարարել է, որ եթե Ադրբեջանը շարունակի իր անջատողական քաղաքականությունը ապա, հակառակ պարագայում Բաքվի կորուստներն ավելի մեծ կլինեն: Ադրբեջանը, վախենալով բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների մոտ ազգային ինքնագիտակցության ձևավորման փաստից, վերջին շրջանում կարծես թե ձեռնպահ է մնում պաշտոնական մակարդակով Իրանի թյուրքալեզու բնակչության խնդիրները շահարկելուց:
(Հարկ է նշել, որ Ադրբեջանին զգաստացրել է նաև վերջերս Արցախից եթեր հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի գործոնը և Թալիշ-մուղանյան հանրապետության նախագահ Ալի Աքրամ Հումմաթովի՝ Հայաստան և Արցախ կատարած այցելությունը):
Ինչևէ, պետք է շեշտել, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավման պարագայում Ադրբեջանի դերը միանշանակ կնվազի Իսրայելի համար, ուստի Բաքուն իր «գրավչությունը» պահպանելու նպատակով այս անգամ «մշակութային պատերազմ» է հայտարարել Իրանին:
Բանն այն է, որ Ադրբեջանը Իրանի գրականության 12-րդ դարի մեծագույն դասականներից մեկին՝ պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջավիին «ադրբեջանական» դարձնելուց, թառ երաժշտական գործիքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր անվանը գրանցելուց հետո այժմ էլ ջանքեր է գործադրում, որպեսզի հին իրանական ճոկան (polo) մարզախաղը ևս գրանցվի իր անվանը: Այստեղ հարկ է նշել, որ Ադրբեջանը Իրանի մշակույթի հանդեպ իրականացնող կեղծարարության գործում փորձում է ներքաշել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Այս անգամ Թեհրանի արձագանքը ավելի կտրուկ էր. Իրանի մշակութային արժեքների դեմ Ադրբեջանի կատարած ոտնձգություններին Իրանը պատասխանեց փոխնախագահի մակարդակով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջելով կասեցնել Ադրբեջանի հակամշակութային քաղաքականությունը :
Բնիկ ժողովուրդների մշակույթը սեփականացնելու Ադրբեջանի գործելաոճը նորություն չէ. Այստեղ արժե հիշատակել Հին Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման փաստը:
Մի բան ակնհայտ է, քանի դեռ Ադրբեջանի նմանատիպ գործողությունները չեն դատապարտվում միջազգային կառույցների կողմից, Բաքուն շարունակելու է իր քաղաքականությունը: Առաջիկայում Բաքվում գումարվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովը. Չի բացառվում, որ Ադրբեջանը, հարմար առնիթն օգտագործելով, մշակութային նոր արժեքներ իր անվանը գրանցելու նպատակով հանդես կգա նոր առաջարկություններով:
Նախորդող հրապարակում՝
Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ
Արմեն Իսրայելյան՝ իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան