Ն.Զոհրաբյան. Լոմբարդային բյուջե է. Ես լավատես չեմ
«Եթե փորձեմ անուն տալ, ապա սա, ըստ իս, լոմբարդային բյուջե է, որովհետև տպավորությունն այնպիսին է, որ ողջ գումարները գնալու են ինչ-որ ապահովագրական ընկերությունների, շոշափվում են վարկեր, բրոկերներ և այլն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով 2014թ-ի պետական բյուջեի նախագծին:
Ն.Զոհրաբյանն ասաց, որ միշտ էլ կարելի է տարբեր պատճառաբանություններ բերել և ասել, թե ինչու նախատեսված տնտեսական աճը չապահովվեց, մինչդեռ 2013թ-ի բյուջեում կառավարությունը նոր վերնագիր ներմուծեց` արտաքին ռիսկեր, և իր համար արդեն իսկ կանխատեսելի էր այդ բյուջեի չկատարումը և նախանշված 7 տոկոս չապահովելը.
«Եվ կանխատեսելի էր, որ այդ դեպքում բնականաբար պետք է հղում արվեր արտաքին ռիսկերին: Ես չեմ կարոծում, որ սա լուրջ մոտեցում է»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի առավոտվա ելույթին, երբ վարչապետը ներկայացնում էր բյուջեի նախագիծը, Ն.Զոհրաբյանն ասաց, որ չի կարծում, թե բյուջեն պետք է ավելանա ստվերի կրճատմամբ.
«Ես հարց ունեմ` ինչն էր խանգարում այս կառավարությանը 2012-ին, 2013-ին պայքարել ստվերի դեմ և առհասարակ` դրա նախորդ տարիներին: Ինչ գործիքների պակաս ունեին իրենք նախորդ տարիներին, որ չէին պայքարում ստվերի դեմ և բյուջեն ավելացնում էին հարկային պրեսինգով ու ճնշումներով, հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա: Այսօր հենց իրենք խոստովանեցին, որ մասնավոր ներդրումները ուղղակիորեն կատաստրոֆիկ վիճակում են և ինչ երաշխիք կա, որ 2014թ-ին իրենց հաջողվելու է ստվերի դեմ արդյունավետ պայքարել»,- թվարկեց ԲՀԿ-ական գործիչն ու մեջբերեց վարչապետի մեկ այլ հայտարարություն ևս, թե հաջորդ տարվանից նախատեսվում է հայտնաբերել ռիսկային ոլորտներ և ստուգումներ անցկացնել հենց այդտեղ.
«Սա անուղղակի խոստովանություն է, որ մինչև այդ ստուգումներ արվել են համատարած, ով երբ ցանկացել է, ինչ ստուգող կազմակերպություն ցանկացել է արել և այդ պատճառով այսօր մենք ունենք կոտրված ողնաշարով փոքր և միջին բիզնես»,- շեշտեց նա: Ն. Զոհրաբյանը հավելեց, որ ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցությունն իր տեսակետը կարտահայտի, բայց ինքն անձամբ լավատես չէ, որ այս բյուջեն կատարվելու է և նախանշված ցուցանիշները չեն արժանանալու 2011, 2012 և 2013թթ-ի ցուցանիշները:
Նախորդիվ`
32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգան միայն թոշակների բարձրացման արդյունքում. ՀՀ վարչապետ
Տ.Սարգսյան. Տնտեսական աճի ցուցանիշի տեմպը դանդաղում է նախորդ տարվա համեմատ