Զ.Փոստանջյան. Ադրբեջանը հենց պատրաստ լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, դա իրականացնելու է
Ազգային Ժողովը քիչ առաջ սկսեց քննարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը, որի քննարկումը հեղինակը համարում է անհետաձգելի:
«Այս օրինագիծը ներկայացվել է 2007թ-ին և գտնում ենք, որ այսօր էլ այդ պահը` ճանաչել ԼՂՀ-ն, արդիական ու կարևոր է, հատկապես հաշվի առնելով այն մարտահրավերները, որ առկա են երկու հանրապետությունների առջև»,-իր ելույթում հայտարարեց Զ.Փոստանջյանը:
Զ.Փոստանջյանի խոսքով` այս խորհրդարանի պատկերը չի հուշում, թե կարող ենք ունենալ այնպիսի պետություն, որի մասին երազել ենք, այլ հակառակը, բայց «Ժառանգությունը» այն կարծիքին է, որ օրինագիծը պետք է արժանանա հավանության բոլորի կողմից. «Քննարկելով այս օրինագիծը բոլոր պատգամավորները պետք է կողմ քվեարկեն»,- համոզմունք հայտնեց պատգամավորը, այդպես էլ որևէ փաստարկ չներկայացվելով, թե ինչու ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ-ն:
Հեղինակի համոզմամբ, Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչումը Հայաստանի կողմից ազդակ կլինի մյուս պետությունների համար այդ գործընթացը սկսելու համար. «Այն փաստարկին, թե ճանաչելով կսկսվեն պատերազմական գործողություններ, պետք է հիշեցնեմ` այսօր էլ պատերազմը, ըստ էության, գոյություն ունի և այնպես չէ, թե խաղաղության պայմաններում ենք ապրում...»,- նշեց նա, սակայն քանի որ իր ելույթի ժամանակը լրացավ, ԱԺ նախագահը նրա խոսափողն անջատեց և հնարավորություն տվեց պատգամավորներին հարցերով դիմել Զ.Փոստանջյանին:
Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, շարունակելով պատերազմի թեման, հետաքրքրվեց` արդյո՞ք իսկապես մտավախություն չունի, թե ճանաչումը կբերի պատերազմի. «Ոչ: Ես վստահ եմ, որ Ադրբեջանը հենց պատրաստ լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, դա իրականացնելու է: Այսօր հենց այն պահն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ, և Հայաստանը պետք է այդ պահը օգտագործի», -արձագանքեց Զ.Փոստանջյանը: