Լ. Հովսեփյան. Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի կողմից հնարավոր տարբեր սցենարների խաղարկմանը
«Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի վերջին հայտարարություններն ու ելույթները փորձ են որոշակի նախաձեռնությամբ հանդես գալու, որոշակի պատրաստակամություն ցույց տալու, սակայն դրանց բնորոշ են ընդհանուր լղոզվածությունն ու հակասականությունը»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա. Դավութօղլուի վերջին հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
Ըստ նրա` մի կողմից Թուրքիան ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունների հարցում ինչ-որ գործընթաց սկսել, մյուս կողմից էլ խաղում է հին խաղը` չհրաժարվելով նախապայմաններից: Վերջին այս հայտարարություններն իրենց բովանդակությամբ չեն կարող Հայաստանի համար վստահություն ներշնչել, քանի որ դրանք կրկնում են Թուրքիայի նախապայմանները: «Համենայն դեպս, մինչև օրս Թուրքիայի կողմից որևէ քայլ չի արվել, որը կարող է որոշակի վստահություն ներշնչել, իսկ մեծ հաշվով Անկարայի տարածաշրջանային քաղաքականությունը, մեղմ ասած, կառուցողականների շարքից չէ»,-նշեց Լ. Հովսեփյանը:
Անկարան փորձում է առաջ տանել իր խաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ, առանձին բանակցություններով անուղղակի մեծացնել իր ներգրավվածությունն արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում և դա փորձում է դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների հետ միասին: Սակայն այս առումով Անկարայի հնարավորությունները սահմանափակ են:
Թուրքագետի խոսքերով` Դավութօղլուի վերջին հայտարարություններն ու թուրքական տեղեկատվական դաշտում հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդրի շրջանառումը նաև նպատակ ունի շոշափելու արտաքին ու ներքին արձագանքները, տեղեկատվական դաշտում որոշակի գործընթաց ապահովել կամ ցույց տալ, իսկ հետո նաև միգուցե քաղաքական հարթության մեջ գործընթացի համար հիմքեր ապահովել: «Պետք է նկատել, որ 2015 թ. ընդառաջ Անկարայի հաշվարկների մեջ է մտնում նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցում որոշակի գործընթացի ձեռնարկումը, և վերջին ակտիվացումը տեղեկատվական դաշտում պետք է նաև այդ հարթության մեջ դիտարկել»,-ընդգծեց Լ. Հովսեփյանը:
«Պետք է նշել, որ բավական ուշագրավ էր Ադրբեջանի նախագահի այցելությունը Թուրքիա, որտեղ քննարկվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը: Սա հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի կողմից հնարավոր տարբեր սցենարների խաղարկմանը: Անկարայում, կարծում եմ, հասկացել են, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի տապալմամբ զգալիորեն սահմանափակվում են Հարավային Կովկասում ազդեցության լծակները, ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ զուտ տարածաշրջանային մակարդակում: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի ներկա վիճակը կամ ավելի ճիշտ գործընթացի չգոյությունն Անկարայի համար գնալով էլ ավելի խնդրահարույց է դառնում: Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանի դիրքորոշումն ու գործողություններն ընկալելի էին միջազգային հանրության համար, մինչդեռ Թուրքիայի պարագայում դա այդպես չէ»,-ասաց Լ. Հովսեփյանը: