Դ. Տոնոյան. ՀՀ-ում ռուսական ռազմակայանը համալրվում է 18 ուղղաթիռներով
«Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր ռազմական ավաններում, որոնց ցանկը անհրաժեշտության դեպքում ենթակա է փոփոխման»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանելով ռուսական ռազմակայանի համար տարածքներ հատկացնելու կառավարության որոշումը՝ ասել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքերով, ռուսական կողմին հավելյալ տարածքներ տրամադրելու վերջին որոշումը բխում է նաև Հայաստանի անվտանգության խնդիրներից: Նույն նկատառումներով, էլ ըստ փոխնախարարի, ռուսական ռազմակայանը համալրվում է 18 ուղղաթիռներով:
«ՀՀ անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխության պատճառով 102-րդ բազայի ռազմաօդային բաղադրիչը ուժեղացվում է մեկ ուղղաթիռային էսկադրիլիայով»,- ասել է Տոնոյանը։
Ըստ Տոնոյանի, Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման և նոր սպառազինությամբ համալրման նպատակով տրամադրվող տարածքները հայկական զինուժի կողմից չեն օգտագործվում և դրանք տրամադրվում են ժամանակավոր օգտագործման համար:
«Ժամանակավոր նշանակում է՝ այն ժամանակաշրջանը, որով երկարաձգված է ռուսական բազայի տեղակայումը Ռուսաստանում»,- հստակեցրել է փոխնախարարը։
«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ի՞նչ պայմաններով են տրվում տարածքները և արդյոք ռուսական կողմը վարձահատո՞ւյց է լինում դրանց համար, Դավիթ Տոնոյանը պատասխանել է.- «ՌԴ-ն վարձահատույց չէ Հայաստանին ֆինանսական առումով, բայց մեր պայմանավորվածությունները մեր անվտանգության ապահովման առումով երևի թե ֆինանսականից ավելի բարձր են»։
«Սա ես ավելի շատ կկոչեի պրեվենտիվ բնույթ՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով, բայց ռուսական բազան ավելի ժամանակակից պայմաններին համապատասխան է դառնում»,- ասել է նա։
Դ. Տոնոյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ կրակոցների փաստին.
«Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանում չեն եղել նախագահական ընտրություններ, չի եղել նաև նոր պաշտպանության նախարարի նշանակում։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ սա ավելի շատ պայմանավորված է եղել այդ անցումային շրջանով՝ պաշտպանության նախարարի նոր նշանակման հետ կապված։ Համանախագահող երկրների հայտարարությունից հետո, որով ռազմական գործողությունների կարող էին դիտարկվել որպես խաթարող գործողություն՝ խաղաղության ամրապնդման ջանքերին, այդ պահից սկսած կտրուկ նվազել են հրադադարի խախտումները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները