Ինջիղուլյանը նամակ է գրել ծնողներին. ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու հետ
Նոյեմբերի 25-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են հայ ռազմագերուն: Այս մասին Panorama.am-ին փոխանցեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Զ. Ամատունին նշեց, որ «ԿԽՄԿ երևանյան գրասենյակում արդեն տեղի է ունեցել հայ ռազմագերու հարազատների հետ հանդիպումը և նրանց փոխանցվել ռազմագերու նամակը»:
«Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել նամակների փոխանակում»,- ավելացրեց Զ. Ամատունին:
Հավելենք, որ Ադրբեջանը նախապես հաստատել էր հայ զինծառայողի՝ մոլորվածության պատճառով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելու վարկածը, սակայն ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել զինծառայող՝ ինքնակամ շփման գիծը հատելու վարկածը: Ավելի ուշ, համացանցում շրջանառության մեջ դրվեց հայ զինծառայողի հետ երկու «հարցազրույց», ինչը Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի մի շարք կետերի խախտում է: