Հայաստանն ու ԵՄ-ն Համատեղ հայտարարություն են ընդունել
Հայաստանը և Եվրոպական Միությունն այսօր Վիլնյուսում համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ մասնավորապես պատրաստակամություն են հայտնել ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, փաստաթղթում մասնավորապես ասված է. «Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։
Հենվելով ընդհանուր արժեքների վրա, երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը։
Եվրոպական միությունը և Հայաստանը շեշտում են իրենց ընդհանուր ձգտումը համագործակցության գործող շրջանակի հիման վրա երկկողմ հարաբերությունների հիմքին անդրադառնալու կարևորությունը:
Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ։
Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը»։