Սերժ Սարգսյան. Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող բարեփոխումները
Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Այսօր Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» 3-րդ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Դիմելով միջոցառման կազմակերպիչներին՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովը հյուրընկալելու և բարձր մակարդակով անցկացնելու համար: «Արևելյան գործընկերության ծրագրի հնգամյա պատմությունը վկայում է այս ձևաչափի անհրաժեշտության և կենսունակության մասին: Այն արդյունավետ կերպով համալրում է համաեվրոպական համագործակցության ճարտարապետությունը՝ հնարավորություն ընձեռելով եվրոպական ընդհանուր արժեքների հիման վրա որակապես նոր, առավել սերտ ու ընդլայնված հարաբերություններ կառուցելու համար: Այդպիսի հարաբերությունների ձևավորումը Հայաստանի ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և պատմա-քաղաքական ժառանգության կանչն է, մեր հասարակության՝ գիտակցված պահանջարկը»,- ասել է հանրապետության ղեկավարը:
Անդրադառնալով գործընթացի արդեն իսկ առկա արդյունքներին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Արևելյան գործընկերությունը հնարավորություն տվեց նոր թափ հաղորդել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց մեր լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Որպես չափելի արդյունք կնշեմ ընդամենը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք խոշոր ընտրական գործընթացները, որոնք նոր նշաձող սահմանեցին այս ոլորտում՝ էապես ամրապնդելով Հայաստանի ընտրական համակարգը»:
Նախագահի խոսքով՝ Հայաստանն հանձնառու է շարունակել սկսածը և մտադիր է առաջ ընթանալ. «Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է»:
Ամփոփելով ելույթը՝ հանրապետության ղեկավարը նշել է. «Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթնաժողովից մեծ են։ Մենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես ԵՄ հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան: Հենց այդ համատեքստում ենք մենք ընթերցում գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և Հայաստան-Եվրոպական Միություն համատեղ հայտարարությունը»: