ՀՀ և ՌԴ նախագահների բանակցությունների արդյունքում տասնյակ փաստաթղթեր ստորագրվեցին. Ս. Սարգսյանը դրանք որակեց կարևորագույն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի շրջանակներում այսօր Երևանում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր ստորագրվեցին:
Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո կայացավ երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Մասնավորապես վարչապետ Տիգրանն Սարգսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը (երկուսն էլ՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ) ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը, իսկ պրոֆիլային գերատեսչությունների միջև ստորագրվել են Հայաստան բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստան բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թվականների համար համատեղ գործողությունների ծրագիրը, 2014-2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև գործարքը, «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիր և բաժնետիրական համաձայնագիր:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Անդրադառնալով ստորագրված փաստաթղթերին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրանք որակեց կարևորագույն և նշեց.
«Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան երկու հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին