Վիգեն Սարգսյան. ՌԴ նախագահի պետական այցը բացառիկ էր (Տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը բացառիկ էր և մեծ կարևորություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար: Լրատվամիջոցների հետ զրույցում այսօր նման գնահատական հնչեցրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է առանձնանում որևէ երկրի ղեկավարի պետական այցը այլ ձևաչափերով այցելություններից և ի՞նչ նշանակություն կարող է ունենալ ՌԴ նախագահի նախօրեին կայացած պետական այցը՝ Վիգեն Սարգսյանը նշեց. «Պետական այցը միջպետական հարաբերություններում փոխադարձ այցելություններում ամենաբարձր մակարդակն է, որը սովորաբար խորհրդանշում է հարաբերությունների հատուկ կարգավիճակը, քննարկվող հարցերի կարևորությունը և ընդհանրապես երկու պետությունների միջև համագործակցության զարգացումներում ամենաբարձր, ամենաակտիվ փուլը: Մենք այս դեպքում ունեցել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այց, ինչը արտացոլվեց և քննարկվող հարցերի շրջանակով և ստորագրված փաստաթղթերի մեծ փաթեթով»:
Նախագահի աշխատակազմի ղեկավարը հիշեցրեց, որ երեկ կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվել են թվով 12 փաստաթղթեր՝ ամենատարբեր ոլորտներում կոնկրետ համագործակցության վերաբերյալ: «Սրանք ունեն շատ կիրառական՝ անմիջական նշանակություն, և չեն դասվում շրջանակային համաձայնագրերի շարքին, որոնք ստորագրվում են և հետագա երկար աշխատանք են պահանջում մինչև դրանց արդյունքները կամ դրանց ազդեցությունը կզգացվի»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Պետական այցի կարևորագույն ատրիբուտներից մեկն, ըստ Վիգեն Սարգսյանի, հյուրընկալվող ղեկավարի այցելության ծրագիրն է. «Դա արտահայտվեց նաև այն փաստով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն իր այցի ընթացքում այցելեց երկու քաղաք՝ բացի մայրաքաղաքից, եղավ նաև Գյումրիում»:
Ոչ պակաս կարևոր է նաև պատվիրակության կազմը, որը Վլադիմիր Պուտինի դեպքում, ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, շատ ներկայացուցչական էր. «Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղեկցում էր Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը, 7 նախարարներ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, երեք դաշնային գործակալությունների՝ Ռոսատոմ, Ռոստուրիզմ և Ռազմատեխնիկական գործակցության դաշնային գործակալության ղեկավարները, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը, Ռուսաստանի Դաշնության տնտեսության համար բացառիկ նշանակություն ունեցող երեք խոշորագույն ձեռնարկությունների՝ «Գազպրոմի», «Ռոսնեֆտի» և «ՎՏԲ» բանկի ղեկավարները, «Ռուսական երկաթուղիների» նախագահի տեղակալը: Այսինքն՝ ամեն ինչը վկայում էր այն մասին, որ պատվիրակությունը ժամանում է բովանդակային հարցեր քննարկելու և որոշումներ գտնելու, լուծումներ տալու, այլ ոչ թե զուտ արարողակարգային այցով հերթական փոխանակման և այլն: Հետևաբար, կարծում եմ, այցը պետական այցի մակարդակին համապատասխանում էր և բովանդակությամբ, և ներկայացուցչական կազմով, և այն հարցերի շրջանակով, որ քննարկվեց: Դրա համար էլ մենք որակում ենք այդ այցը որպես բացառիկ այց, որը մեծ կարևորություն ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների համար»:
Նախորդող հրապարակումներ`
ՀՀ և ՌԴ նախագահների բանակցությունների արդյունքում տասնյակ փաստաթղթեր ստորագրվեցին. Ս. Սարգսյանը դրանք որակեց կարևորագույն
Նախագահների հայտարարություն. ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով
Պուտինի կարծիքով՝ հայ բանակցողները պրոֆեսիոնալ են ու ակտիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` ՌԴ նախագահի հետ հանդիպման վերաբերյալ
Վլադիմիր Պուտին. Իրան-Հայաստանը երկաթուղին էժան չէ, բայց իրականանալի է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին