«Կապված են սերտ համագործակցությամբ». «Ռուսաստանի ձայն»-ի անդրադարձը հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը
«Ռուսաստանի ձայն» ռադիոկայանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Ռադիոկայանի փոխանցմամբ` Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի գործարկումը, որը մեկարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի ժամանակ, յուրօրինակ նախագիծ է, որը ներառում է նորագույն ինժեներական և տեխնոլոգիական լուծումներ. էներգաբլոկը պետք է աշխատի 467 մեգավատ հզորությամբ:
Անդրադառնալով անվտանգության խնդրին` «Ռուսաստանի ձայն»-ը նշում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը պաշտպանելու են Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ երկիր: Գյումրիում ռուսական ռազմակայանը ընդլայնվել է. հայկական կողմը ռազմակայանին տրամադրել է որոշ քանակությամբ հողատարածք և անշարժ գույք, իսկ ռուսական զորքի անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ քանակությամբ ռուսական զինամթերք, որ նախկինում տեղակայված էին Վրաստանում, տեղափոխվել է Հայաստան:
Ռուսաստանն ու Հայաստանն այժմ կապված են սերտ համագործակցությամբ քաղաքական, տնտեսական, ռազմական և հուանիտար ոլորտներում: Այս կապակցությամբ ռադիոկայանը մեջբերել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքից հատվածներ.
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ծավալները, խորությունը և ռազմավարական դաշնակցության մակարդակը կարիք չունեն մեկնաբանման, սակայն մենք կարող ենք և պետք է հասնենք ավելիին»:
«Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են ավելի քան 200 պայմանագրեր և համաձայնագրեր… Առևտրային և տնտեսական հարաբերությունների տեսակետից Ռուսաստանը Հայաստանի համար առաջին գործընկերն է. Հայաստանում արտաքին ներդրումների ընդհանուր ծավալի կեսը գալիս է Ռուսաստանից»:
«Ռուսական կապիտալով ավելի քան 1,300 ձեռնարկություն է աշխատում մեր երկրում… Տնտեսական հարաբերությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, տրանսպորտը, էներգիան (ներառյալ միջուկային էներգիան), տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը զարգանում են բարեհաջող կերպով»:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս միջտարածաշրջանային կապերի զարգացմանը. Հայաստանի բոլոր շրջանները և ՌԴ ավելի քան 70 սուբյեկտներ ներգրավված են այս աշխատանքի մեջ», - ընդգծել է Նալբանդյանը:
Երևանը մեծ հույսեր է կապում Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի հետ: «Հայաստանը կապված է Մաքսային միության անդամ երկրների հետ հազարավոր թելերով. մեր երկրի արտահանման ծավալի մեկ երրորդը գնում է Ռուսաստան», - ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ:
«Պուտինը Երևանում` Եվրասիական ծրագիրը հաջողվա՞ծ է». «Ամերիկայի ձայն»-ի անդրադարձը