Մաքսային անցակետի տեղակայումը ՀՀ-ԼՂՀ սահմանին և Արցախի դե յուրե ճանաչումը
«Վերջին շրջանում ոչ միայն հայաստանյան, այլ արտերկրի փորձագետների վերլուծությունների առարկա են դարձել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուց հետո Արցախի`մաքսային միության տարածք դիտարկվելու հանգամանքը: Իսկ որպես հաջորդ քայլ դիտարկվում է այդ տարածքի անվտանգության ապահովումը ՄՄ անդամ երկրների կողմից այնպես, ինչպես մնացած տարածքների դեպքում»,- Panorama.am-ի հարցին, թե արդյոք արդեն հայտնի՞ է, թե ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցելուց հետո մաքսային անցակետեր տեղադրվելու են ՀՀ-ԼՂՀ սահմանին, ասաց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Հարցին, եթե ՄՄ անդամ երկրները պնդեն, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մաքսային անցակետ պետք է լինի, այդ պարագայում որն է լինելու Հայաստանի մոտեցումը, Գ. Մինասյանը նշեց. «ՄՄ անդամ ցանկացած երկրի մաքսային սահմանակետ, ՄՄ ընդհանուր մաքսային սահմանակետ է, այսինքն` Հայաստանում տեղակայված ցանկացած մաքսային սահմանակետ ՄՄ ընդհանուր սահմանակետ է: Սուբյեկտների միջև մաքսային սահմանակետ տեղակայվում են այն դեպքում, երբ այդ սուբյեկտները միմյանց ճանաչում են և դիվանագիտական նոտաներով հաստատում են մաքսային սահմանակետերի ընթացակարգերը»:
Նրա խոսքերով, Արցախի սահմանին ՄՄ մաքսակետի տեղադրելը հնարավոր է միայն ՄՄ անդամ երկրների կողմից Արցախի դե յուրե ճանաչումից հետո:
«Ստացվում է, որ եթե Հայաստանի ու Արցախի միջև ՄՄ մաքսակետեր չի տեղակայվում, ապա ՄՄ անդամ երկրները դե ֆակտո ճանաչում են Արցախի տարածքը որպես ՄՄ տարածք, իսկ եթե մաքսակետեր են տեղակայվում, ապա ՄՄ անդամ երկրները դե յուրե ճանաչում են Արցախին` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:
Ամեն դեպքում, Հայաստանի քայլը` միանալու ՄՄ-ին, անխուսափելի է դարձնում Արցախի դե ֆակտո կամ դե յուրե ճանաճումը ՄՄ անդամ երկրների կողմից»,- ընդգծեց Գ. Մինասյանը: