Իգոր Պոպով. Որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց
Այցելությունները Լեռնային Ղարաբաղ, հանդիպումները Բակո Սահակյանի հետ նշանակում են Ղարաբաղի ընդգրկումն ընթացող քննարկումներում՝ քննարկում այն էական հարցերի շուրջ, որոնք շոշափվում են կողմերի միջև հանդիպման ժամանակ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
«Մենք ելնում ենք նրանից, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա այդ գործընթաց, որովհետև, վերջիվերջո, որոշվում է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր այստեղ ապրում են: Մենք ենթադրում ենք, որ հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների ավարտից հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչպես առաջ շարժվել այդ փուլում, կարելի կլինի քննարկել բանակցություններին Ղարաբաղի վերադառնալու հարցը», - պարզաբանել է ռուսաստանցի համանախագահը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին և հրադադարը պահպանելու ապարդյուն կոչերին՝ Իգոր Պոպովը հավաստիացրել է, որ այդ հարցը նույնպես քննարկում են, սակայն, իր խոսքերով, ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչպես ցանկանում են: «Շարունակում են մարդիկ զոհվել: Չնայած զոհերը բավականին քչացել են, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր զոհ մեծ կորուստ և ցավ է», - ընդգծել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նախորդիվ`
ԼՂՀ նախագահը համանախագահների հետ խոսել է Ադրբեջանի ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականության դադարեցման մասին