Ջ. Ուորլիք. Հիմնախնդրի կարգավորումը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար շատ կարևոր է
«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարողացան լրջորեն զրուցել միմյանց հետ խնդիրների շուրջ և ավարտեցին զրույցը՝ երկուսն էլ հավատալով, որ կարող են աշխատել միմյանց հետ, և որ կա ճանապարհ դեպի առաջ: Եվ դա լավ լուր էր բոլորիս համար և անշուշտ լավ լուր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար»: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Եվ մենք ակնկալում ենք այդ երկխոսության շարունակություն, քանի որ դա է ճանապարհը, որով մենք կարող ենք գտնել դեպի վերջապես խաղաղ կարգավորում տանող ուղին: Եվ դա իրոք երկու նախագահների անելիքն է: Եթե նրանք ունեն այն կարգավորելու, միմյանց հետ աշխատելու և առաջ շարժվելու ճանապարհ գտնելու քաղաքական կամք, ապա դա տեղի կունենա, և Մինսկի խումբն էլ այստեղ է՝ գործընթացի դյուրացմանն օգնելու համար»,- նշել է նա:
Հարցին, թե «ո՞րն է ամենադժվարին խնդիրը այս քննարկումներում: Կարո՞ղ եք նկարագրել, գոնե ընդհանուր գծերով, թե որն է այդ հարցը ըստ էության»,- Ջ. Ուորլիքը նշել է. «Ինչպես գիտեք, կան մի շարք շատ դժվարին հարցեր, որոնց պետք է անդրադառնալ: Դա է պատճառը, որ այդ խոսակցությունը շարունակվում է արդեն 20 տարի հրադադարից հետո: Դրանք դժվարին խնդիրներ են, սակայն, իրոք, ես հավատում եմ, որ երկու կողմերը կարող են գտնել ճանապարհ դեպի առաջ, որը, իրոք, օգնի երկու կողմերին, որ երկու կողմերը կարող են տեսնել ճանապարհ դեպի առաջ՝ կարգավորում, որ, իրոք, ոչ մեկը չկորցնի և բոլորը շահեն: Եվ ինչպես ցանկացած բանակցության պարագայում այստեղ ևս մենք դա ենք ակնկալում: Ոչ թե որ ժողովուրդը՝ լինի Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի, զոհողություններ անի: Ոչ, մենք դա չենք խնդրում: Մեր հույսն այն է, որ կողմերը, բոլոր կողմերը կհամարեն, որ իրենց շահերից է բխում այս ձգձգվող հակամարտությանը երկարատև, խաղաղ կարգավորում գտնելը»:
Հարցին, թե «թերևս, փորձագետների մեծ մասը և նաև լրատվամիջոցները կենտրոնանում են երկու հարցի վրա: Նախ և առաջ, ինչպես դուք նկարագրում եք ձեր հայտարարություններում, ինչպես գրված է կարգավորման այդ սկզբունքներում՝ «օկուպացված» տարածքների վերադարձը, որոնք այժմ վերահսկում են հայկական ուժերը: Մեկ այլ հարց հանրաքվեն է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է անցկացնել սեփական հանրաքվեն և որոշում կայացնել սեփական ճակատագրի առնչությամբ՝ ուզում են արդյոք անկախ լինել, Ադրբեջանի կազմում կամ Հայաստանի կազմում: Սրանք երկու ամենադժվարին խնդիրներն են: Այդպե՞ս է», վերջինս նշել է. «Այո, անշուշտ, դրանք շատ կարևոր խնդիրներ են, սակայն Ձեզ համար ավելացնեմ ևս մեկը, որն է՝ վստահությունը և փոխըմբռնումը: Ինչը ապշեցնում է ինձ, երբ ես Բաքվում եմ, Երևանում եմ և նաև երբ Լեռնային Ղարաբաղում եմ, ես գտնում եմ, որ նրանք լավ մարդիկ են՝ բոլոր կողմերը: Եվ հասկանում եմ, որ կա խորը անվստահություն, անվստահություն բոլոր կողմերի միջև: Եվ հուսով եմ, որ մենք կարող ենք գտնել մի ճանապարհ, և դա ժողովուրդների միջև շփումների մակարդակում է, այլ ոչ թե կառավարությունների և բարձր քաղաքականության, որ ես հուսով եմ, որ հայերը, ադրբեջանցիները, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող են միմյանց ընկալել որպես իրական մարդիկ և տեսնել սրա մարդկային կողմը: Եվ ես, այո, հավատում եմ, որ բոլոր կողմերում լավ, ազնիվ մարդիկ են: Գիտեք, նրանք մարդիկ են, որոնք ցանկանում են լավագույնը իրենց ընտանիքների համար, ապագայի համար, նրանք ցանկանում են խաղաղություն և բարգավաճում»:
Վերջինիս ընդգծել է, որ հիմնախնդրի կարգավորումը «Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար շատ կարևոր է»:
«Մենք աշխատում ենք Մինսկի խմբի միջոցով, մենք նվիրված ենք այդ ձևաչափին և ուղի գտնելուն: Կարո՞ղ է Միացյալ Նահանգները որևէ բան անել նաև երկկողմ հիմքի վրա: Մենք պատրաստ կանգնած ենք, և կարող եմ ասել, որ մենք կարող ենք ունենալ շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Եվրամիության հետ, որ մենք կարող ենք այստեղ գտնել ճանապարհ դեպի առաջ, և մենք կցանկանայինք գտնել երկարատև կարգավորում…»:
Հարցին, թե «օրերս դուք շուրջ երկու ժամանոց բանակցություններ ունեցաք Բակո Սահակյանի հետ, եթե չեմ սխալվում, ուղղեք ինձ, եթե սխալվում եմ: Եվ դուք բանակցեցիք առաջնորդների հետ: Բայց օրերս դուք ավելացրեցիք մեկ այլ խումբ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, սա դրա մի հետաքրքիր մասն է: Կարո՞ղ եք մեզ ասել մի փոքր ավելին, թե ինչու եք այդքան շատ ժամանակ ծախսում Լեռնային Ղարաբաղում, որևէ նոր բան կա՞», Ջ. Ուորլիքը նշել է. «Ես միշտ սպասում եմ Լեռնային Ղարաբաղ իմ ճամփորդելուն և այստեղ մարդկանց հանդիպելուն, նրանց տեսակետները լսելուն: Եվ ես կասեի, որ Մինսկի խումբը ուշադրությամբ լսում է, և մենք ցանկանում ենք հաշվի առնել նրանց տեսակետները: Այս այցելության ընթացքում լավ հնարավորություն կար հանդիպելու քաղաքացիական հասարակության հետ և լսելու նրանց տեսակետները: Եվ Մինսկի խումբը պետք է բաց լինի, մենք պետք է լսենք ոչ միայն ամենաբարձր մակարդակի քաղաքական առաջնորդներին, այլև պետք է բաց լինենք՝ լսելու նաև ժողովրդին: Եվ սա ոչ միայն հենց Լեռնային Ղարաբաղում է, այլ նաև Երևանում է, Բաքվում: Մենք պետք է լսենք, թե ինչ ասելիք ունի ժողովուրդը, և ճանապարհը դեպի առաջ, որ նրանք հավատում են, և նրանց մտահոգությունները: Եվ սա լավ հնարավորություն էր Լեռնային Ղարաբաղում՝ լսելու նրանց: Եվ սա առաջին անգամն էր, որ ես հանդիպեցի նրանց հետ, սակայն կարող եմ վստահեցնել, որ վերջինը չի լինի»: